Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/153

Այս էջը սրբագրված է

մազերուն արձակած շողերեն կը շլանար. մինչև այդ ժամուն մարդու չէր հարցներ աղջկան մը հետ խոսելու կերպը. և ահա իր համարձակությունը կը կորսընցներ հոս:

Այս սերը, տարօրինակ եղանակով մը սկսած, տանջանք մը կ՚ըլլար, կը չարչարեր զինքը. կը տառապեր, առանց պատճառը գիտնալու. մինչդեռ աղջիկը ավելի կը մոտենար իրեն, հեշտաբոց շունչովը, որ տաք ու վրդովիչ հովի մը պես կը զարներ երեսին ու քծնելով կ՚ըսեր.

— Չխոսի՞ս, Ճոկո:

Իրա՞վ, ինչո՞ւ չէր խոսեր, ինչո՞ւ հուսահատ մարդու ձևը կ՚առներ, երբ ամեն ազատություն կը տրվեր, և ինքզինքը քաջալերելու համար Սարգիս մտքեն կը կրկներ անոր բառը.

— Չխոսի՞ս։

Ե.

Իցիվ թե չխուեր:

— Ոչ, ըսավ աղջիկը. մի՛ ըսեք որ կը սիրեք զիս, անխառն ուրախություն մը ձգեցեք ինծի, կը խոստովանիմ որ հիմար, անկարելի բան մըն է այն երազը որ ձեր շնորհիվ զիս երջանիկ ըրավ. բայց մի ավրեք զայն։

Ու տեսնելով որ երիտասարդը կ՚ընդմիջեր զինքը.

— Ճոկոն եք դուք, Ճոկոն մնացեք ինծի համար, ի՞նչ կ՚ելլե ատկե. ձեր ծնողքին, ձեր սիրածներուն համար Սարգիսն եք միշտ, չի՞ բավեր ձեզի, բայց, ինծի համար, գոհացեք պաշտվելով, ու պաշտելու մի՛ ելլեք երբեք, ապա թե ոչ ամեն բան պիտի վերջանա մեր մեջ: Իմ աչքիս՝ անգիտակից ներկայացուցիչ մըն եք սիրո մը զոր շատոնց կորսնցուցած եմ աշխարհիս վրա։ Ձայներնիդ, նայվածքնիդ, քալվածընիդ, ամեն բան իմ կորսնցուցած անձս կը հիշեցնե ինծի։ Առջի վայրկյանեն որ տեսա ձեզ, չկրցա ինքզինքս բռնել. առանց դարձվածքի ըսի որ կը սիրեմ ձեզի։ Դուք կուռք մըն ես որ պաշտելի գաղափար մը կը պատկերացնեք, ու երբոր կենդանության նշան տաք, վար պիտի իյնաք ձեր պատվանդանեն.