Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/154

Այս էջը սրբագրված է

անմիտները միայն կը կարծեն որ մարդիկ կուռքերուն նյութը պաշտած են ատենով. ես ալ ձեր անձին մեջ՝ անհավատալի սեպվելու չափ մեծ նմանություն մը, հիշատակ մը կը պաշտեմ. այդ պատրանքը չպիտի մնա թե որ զիս սիրելու ըլլաք:

«Քերականություն կարդացեր եք, այնպես չէ՞. գիտե՞ք ինչ է անդեմ բայ մը. ճիշտ այդ բայն եք դուք, Ճոկո ըսի ձեզի, այսինքն մարդու մը անուն տվի որ երբեք չսիրեց զիս, որուն սակայն ես որոշած եմ հավատարիմ մնալ»։

Գլխու շարժումով մը կը հաստատեր իր անդրդվելի կամքը։

Ը.

Եվ այս չէ՞ միթե մեծ մասով բոլոր սերերու պատմությունն ալ. կը պատահի՞նք մեր դիմացինին անձին մեջ, իրոք այն մտացածին էակին զոր սրտերնուս ու հոգիներնուս մեջ ստեղծած ենք. ո՞չ ապաքեն այդ երևակայական, այդ կատարյալ էակն է զոր գտնել կը կարծենք, կը պաշտենք։

Ո՛չ. հափրացումները չպիտի գային երբեք, դառնությունները չպիտի խառնվեին մեր սիրույն, եթե ճշտիվ այն ըղձացված ու անկարելի կերպով կատարյալ արարածը ունենայինք դեմերնիս: Ամեն մարդ իր Ճոկոն, իր ստեղծած ու չգտածը կը սիրե միշտ, նույն իսկ ամենեն շատ պաշտել կարծած անձին վրա. ու ասոր համար է որ, քիչ քիչ, մեր սխալը ճանչնալնուս հետ, վարագույրի մը բացվելուն պես պատրանքը կը փարատի տակավ, ամենեն զորավոր ու անխախտ կարծված սերեն հիշատակի փշրանքներ միայն ձգելով։

<1893>