Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/155

Այս էջը սրբագրված է
ՓՈԹՈՒՐԼԸՆ

Ա.

Վերադարձին՝ մրցանակաբաշխութենեն — ո՞վ հնարեր է այս բարբարոս բառը — Զարուհի՝ երջանիկ, բայց քիչ մը հոգնած հանդեսին հուզումներեն, իր ոսկեզօծ գրքերուն ծրարը թևին տակ, գեղին մանառիկ ու զառիվեր փողոցներեն կ՚անցներ, տուներուն առջև նստած գուլպա հյուսող կիներուն, բոբիկ ոտքով հողին վրա փոշիներուն մեջ վազվզող, տապլտկող տղոց մեջեն, զինքը դիտող գեղջուկներուն նետելով հպարտությամբ ու քիչ մըն ալ արհամարհանքով լեցված նայվածքը:

Հաղթական վերադարձ մը իրեններուն քով, իրենց տնակը, վե՛րը գեղին մեկ ծայրը, ա՜յնքան խարխուլ, ա՜յնքան հին տնակ որ քովի տուներուն կռթնելուն համար միայն կարծես կանգուն կը մնար։

Ինքը, իր տասնըվեց տարիներու ծլումովը, իր կենսաբույր երիտասարդության բոլոր ճոխություններովը, այս մութ ու աղտոտ խրճիթին մեջ՝ աղբերու պարարտ բողբոջումովը, ծաղկած վարդի մը տպավորությունը կը ձգեր:

Հոս, սակայն, իր շրջանավարտի բոլոր ցնծահույզ խնդությունը անտեղի կը թվեր այս աղքատության հանդեպ:

9 Գրիգոր Զոհրապ