Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/156

Այս էջը սրբագրված է

Քիչ մը առաջ արտասանված ճառերեն, տնօրենին ու հոգաբարձության իրեն շռայլած գովեստներեն ու ժողովուրդին ծափահարություններեն, որ ամեն մեկ մրցանակի շնորհվելուն կը կրկնվեին, ամեն կերպ շնորհավորություններու գրեթե խոստումներու երփներանգ ծաղկեփունջեն՝ ոչինչ կը մնար ահա իր ձեռքը, տանը սեմեն ներս ոտք կոխած վայրկյանեն։

Իր հիվանդ ու ցավագար մայրը անկողինն էր ու պզտիկ եղբորը, ցնցոտիներ հագած չորս տարու երեխայի մը, ճչելու, պոռալու ձայնը որ փողոցին ծայրեն կը լսվեր, դժգոհության մշտնջենական աղաղակը, այս աղքատիկ տան ճշմարիտ ձայնը ըլլալ կը թվեր:

Պահ մը մորը անկողնին մոտ գնաց, ցուցնելու անոր իր առած մրցանակներուն շքեղ կազմածքը որ, հիվանդ կնոջ մեն ավելի, գետինը տախտակին վրա մոռցված մանկիկին ուշադրությունը գրավեց իսկույն։ Հետո, վեր ելավ իր փոքրիկ խցիկը, խնամքով զետեղելու, պահելու համար այս ամենը իր դասագրքերուն քով, որոնց՝ այնքան անձկությամբ սպասված վերջավորությունը կը բերեր, սպասելով որ լավագույն կյանքի մը սկզբնավորությունն ալ բերեր միասին։

Բ.

Այդ կյանքը կը գուշակեր, կը տեսներ, գրեթե կը վայելեր կանխավ, իր երևակայությանը մեջ։ Կանխահաս զարգացումով մը՝ իր աճապարող իմացականությունը իր շուրջի իրական մթնոլորտեն շուտով դուրս հաներ էր զինքը։ Ուսումնական աղջիկ մըն էր հիմա, լիովին իրագործելով փափագները իր մորը, Պոլսո մեջ երկար տարիներ քտնտվություն ու սպասավորություն ընող կին, որ իր կաթովը մեծցուցած օտար աղջիկներուն ուսումնական օրիորդներ դառնալը տեսնելով, իր աղջիկն ալ անոնց պես տեսնելու փառասիրությունը ու անձուկը ունեցեր էր։ Զավկին քով դառնալուն և նույնիսկ դեռ չդարձած, ոևէ ծախք ու զոհողություն չէր խնայեր անոր տալու այն կրթությունը որ գեղին մեջ էն հարուստի զավակը