Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/157

Այս էջը սրբագրված է

կրնար ձեռք բերել: Պոլսո հայ հանրմներու կենցաղին վրա՝ հիանալի բաներ պատմած էր իր աղջկան, այնչափ՝ որ ճոխություններու, վայելքներու առասպելախառն ավանդություններով լեցուցեր էր անոր հոգին: Զարուկ՝ իր պզտիկ դասընկերներուն մեջ՝ բան գիտցողն էր ամեն ատեն, վճիռ արձակելու կարողը, որուն ետին՝ իր Պոլիս ապրած մորը հեղինակությունը կար:

Դպրոցին մեջ՝ Զարուհին պսակեր էր իր վրա դրված բոլոր ակնկալությունները ամեն տարի, ինչպես այս վերջին տարին ալ, առաջին կը հանդիսանար քննություններուն մեջ, ծափերով ողջունված ու չորպաճիներու աղջիկներեն ավելի փառավորված։

Եվ մայր ու աղջիկ, միևնույն լռին ու թաքուն համաձայնությամբ, գեղջուկ կյանքն վեր աստիճանի մը հասնելու տենչանքը կը սնուցանեին իրենց սրտին մեջ։

Վարժարանին մեջ, իր Պոլսեցի վարժուհին՝ կատարելագործյալ կնոջ տիպար մը Զարուկին աչքին՝ մնացածը ամբողջացուց։ Մայրաքաղաքեն հեռանալու համար, անկյալ հրեշտակի մը ձևերը ուներ այս կինը և գեղացի աղջիկներուն քով ապրելու, անոնց բան սորվեցնելու պարտականությունը՝ պատիժ մը կրելու պես ի գործ կը դներ, Պոլիսը, իր Պոլիսը հիշելու առիթը չէր փախցներ. գերագույն բաղդատության եզրը որուն տակ՝ բոլոր գեղը գեղացին ու գեղին դպրոցը կ՚ընկճեր, կը փճացներ:

Զարուկ, երբոր բարձրագույն կարգը անցավ, ընկերուհի մը եղավ անոր, այնքան ավելի մտերիմ, որքան միևնույն խուլ տրտունջը կար երկուքին ալ սրտին մեջ:

Ընթերցանությունն ալ եկավ իր բաժինը բերելու այս մատաղ հոգին խռովեցնող հովերուն մեջ, և դպրոցական վերջին տարին, երազամոլ տարին եղավ, չքնաղ ու անդարձ տարին, արուն մեջ քաղքենի կյանքը, իր բոլոր չնչին մանրամասնություններովը, անմիտ կարգ ու սարքովը, այլաղանությամբը, վարքերու արտոնյալ ազատոլթյամբը՝ գունագեղ երանգներու ծիրանի գոտիի մը պես իր գեղացիի նսեմ մթնոլորտին վրա կը գծագրվեր ամեն վայրկյան: