Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/159

Այս էջը սրբագրված է

առնելու որոշում ավեր էր ահա. տարօրինակ ամուսնության գաղափար որ իր մտքին մեջ մտեր ու իր կամքին հակառակ հետզհետե գամվեր ու հաստատվեր էր հոն, Տյումային խոսքին համեմատ, այնքան ավելի խոր՝ որքան զարկեր էր այդ գաղափարին վրա։

Պզտիկ մը վերլուծելով՝ գեղին էն ուսյալ աղջիկը, ինքը ռամիկ ու անուս մարդ, իրեն կին առնելու փառասիրութենեն ավելի՝ ճշմարիտ ու հիմնական համակրություն մը այս ընտրությունը թելադրած էր իրեն, և աղքատ աղջիկ մը չքավորութենե ազատելու, համեստ, բայց անդորր կենցաղ մը անոր ընծայելու ներքին գոհունակությունը ավելցած էր այդ համակրության վրա: Ու այս բոլոր մտածումներով առաջնորդված՝ Օհանճան, իր մորը խուլ ընդդիմությանը հակառակ, Զարուկը ուզելու ելեր էր օրին մեկը, անոր շրջանավարտ ըլլալեն վեց ամիս անցած չանցած։

Այս բախտը, որովհետև իրոք բախտ մըն էր ասիկա, աղբուրին քովը հավաքված կիներուն միաձայն կարծիքին նայելով, միայն Զարուկին աչքին չերևաց սակայն, իր գիտնական աղջիկի երազներեն ռամիկ զարթնում մըն էր ասիկա, ջուր կրող, լաթ լվացող աղջիկներուն սովորական ու գռեհիկ ամուսնությունը հողագործի մը հետ, անոր կոպիտ ու դժնդակ ապրուստին մշտնջենական մասնակցությունը. հերկելու, ցանելու, քաղելու սահմանված գործունեություն մը՝ ցորենի, հարդի, աղբի կապված երիտասարդության մը հետ. ահա բոլոր ստուգությունը որ այս ամուսնությունը իրեն կը խոստանար։ Ու մարդ մը դեմը՝ որ իր աղվոր երիտասարդի բոլոր հրապույրները կը կորսնցներ գեղացիի անշնորհ հագուստներովը։

Զարուկ լավագույն սեպեց իր աղքատությանը մեջ մնալ, քան թե այս տղուն հետ կարգվիլ: Իզուր ազգականներ մեջ մտան և ավագերեցը եկավ զինքը խոստովանցնելու: Բան մը օգուտ չըրավ. աղջիկը անդրդվելի մնաց իր որոշումին վրա. միջնորդելու եկող մարդիկ մեկիկ մեկիկ ելան գացին, ծեր հորաքույր մը մնաց հոն, համառելով Զարուկը համոզելով գեթ անոր մերժումին պատճառը հասկնալու համար: