Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/16

Այս էջը սրբագրված է

նույն այդ գործակալությունների ջանքերով անդունդ էին փորում միևնույն ազգի տարբեր անհատների միջև։ Թեև հեղինակը այդ անդունդը անվանում է «սառույցե պատնեշ» և իր նորավեպում ցույց է տալիս, որ սիրո ուժով նա հալվում է, բայց դա կարող էր լինել միայն եզակի դեպք։

Բանաստեղծական է՛լ ավելի մեծ տարր ունի Փոթորիկը, մի նորավեպ, որը փոքրիկ «գլուխգործոց» է համարել Ա. Արփիարյանը՝ նույնիսկ եվրոպական գրականության մեջ։ Գեղարվեստական մեծ վարպետությամբ և կառուցվածքի սքանչելի գյուտով ներկայացված է նրա մեջ սիրո փոթորիկը՝ ծովի մրրիկի ֆոնի վրա և դրա նվագակցությամբ։ Սերը, որ կարծեք ոչ թե պատկերված է այս երկում, այլ քանդակված, ամենահաղթ է և սրտերը ենթարկվում են նրան՝ հլու և կամակատար, բայց միայն մի պահ, որովհետև կողմերի միջև կա դասակարգային «պատնեշը», որը սառույցե չէ. այլ չհալվող նյութից, դրա համար էլ նա պատճառ է դառնում նրանցից մեկի՝ աղքատ նավավարի խելագարության։

Իր ստեղծագործության այս շրջանի վերջին երկու նորավեպերի մեջ («Խարիսխը» և «Մեղա՜ տեր») ցույց է տրված, թե ինչ բնույթ է ստացել հավատքը բուրժուական հասարակության մեջ, Խարիսխը նորավեպի մեջ կառուցվածքի նույնպես շատ գեղեցիկ գյուտով և տպավորիչ պատկերներով, նկարագրված է հավատքին կառչելը՝ իբրև անխորտակելի մի «ամրության», բայց այդ ամրությունը՝ ձախորդությունների շարունակական հարվածներով խորտակվում է, և Սոֆիկը՝ հերոսուհին նորավեպի, կախվում է եկեղեցու մեջ։ Հեղինակը հեգնում է հավատքի այդ «հաշվապահական» բնույթը, զարմանալով, թե ինչպե՞ս կարող են «խելացի» մարդիկ ապավինել հավատքին։ «Աստվածասիրության» մերկացումը երգիծական շատ ավելի սուր բնույթ է ստացել Մեղա՜ տերի մեջ, որովհետև նա վաշխառուական գործունեության հաջողությանն է ծառայում սոսկ։ Հեղինակը կերտել է վաշխառու Մարտիրոս աղայի կերպարը՝ տիպական և ընդհանրացված պատկերմամբ։

Իր ստեղծագործության երկրորդ՝ կարճատև (1892 — 93 թվականներ) շրջանում հեղինակը ստեղծել է իր «անմրցելի հրաշակերտներ»-ից մի քանիսը՝ Այինկա, Թեֆարիկ և Ճիտին պարտքը նորավեպերը, բայց գրել է նաև այնպիսի նորավեպեր, որոնց մեջ բացակայում է հասարակական հուզող հարցերի արձագանքը («Ֆուրթունա», «Ճոկո», «Տալիա»):

Այս շրջանի նորավեպերի համար բնորոշ է նաև ժողովրդական խավերի կյանքի արտացոլման խորացումը և դրական տիպարների կերտումը այդ խավերից։

Այինկայի բոլոր երեք հերոսներն էլ՝ Հակոբոսը, Պերճուհին և Սահակը, դրական տիպարներ են, ամեն մեկը յուրովի դրական, աչքի ընկնող