Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/162

Այս էջը սրբագրված է

գտնելու, հացի ստակ մը ճարելու մտմտուքը պահելով իր հոգվույն խորը։

Գեղեն ոչ ոք ձեռք երկարեց այս պոլսեցիին. նոր եկող տնօրենը, վանեցի մը, անոր դեմ զինվեցավ. պարտված, նահանջած ոսոխ մը բոլորովին չքացնելու, ու ասոր անոր օգնությամբ՝ հարձակողական վերադարձ մը արգիլելու մտադրությամբ։ Նոր տնօրենին խոսքին նայելով՝ կ՚երևար թե Զարուկին էրիկը բան մը չէր սորվեցուցեր իր խնամքին հանձնված աշակերտներուն։

— Ո՛չ տղոց միտքը, ո՛չ անոնց հոգին մշակեր է, կ՚ըսեր ան ամեն դեմը ելլողին։

Այս մարդը մանկավարժի հովեր ուներ, հոգեբանության վրա կը ճառեր, ու ապշած հոգաբարձուներուն երեսին՝ Ֆրեոպելի ու Փեստալոծծիի անունները կը նետեր:

— Խեղճ տղոց բոլոր ժամանակը զուր տեղը վատնել տվեր է ձեր պոլսեցի ուսուցիչը. երեխաներու հոգիին պետք էր խոսիլ, փոխանակ չոր ու ցամաք կերպով կարգ մը անուններ բերնուց սորվեցնելու անոնց։

Այս հարձակումներուն տակ՝ ճամփված դասատուն անդարձ կորսված կը զգար ինքզինքը։ Կուսակից չուներ, ինչ որ հազվագյուտ բան մըն է գեղերու մեջ. պարտքը մինչև վիզը ելած էր, ու հացի, չոր հացի կռիվը կը սկսեր իր բոլոր զարհուրանքին տակ ընկճելով այս հեք ընտանիքը։

Նախ, իր ունեցած բառգիրքերը ծախեր էր. հետո կնոջը քանի մը կտոր գիրքերը, ոսկեզօծ մրցանակները որոնք այս նեղության օրերուն մեջ միայն՝ իրենց պահված տեղեն դուրս ելեր էին, իրական ու շոշափելի օգուտ մը արտադրելու համար:

Ե.

Երբոր, դատի մը առթիվ, ես այդ կողմերը գացի ասկե քանի մը տարի առաջ, դրացիներուն ողորմությունը միայն կ՚ապրեցներ այս ընտանիքը:

Դասատուն ծանր հիվանդ էր, գացի տեսնելու զինքը իր