Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/167

Այս էջը սրբագրված է

խոնջենքը իր գգվանքին որ, կ՚ամչնամ ըսելու, իմ փոփոխամիտ երիտասարդի խառնվածքիս վրա՝ պատատուկ բույսի մը հազիվ թե զգալի փաթթվածքովը՝ շղթայի մը ծանրությունը կ՚առներ:

Եվ առանց սպասելու որ սնոտի կամ շինծու բարուրանքներով ձևացած հրաժեշտը իմ կողմես գա, ինքը քաշվեր հեռացեր էր, ձանձրություն տալ չսիրող մտերմի փափկանկատությամբ, որ իր դեմինը պարտավոր կը թողու անոր համար որ «զիս մինակ ձգե» ըսելու ծանր հարկեն կ՚ազատե զինքը, որ համբույրներով օծված ուխտերը, արցունքներով նվիրագործված առաջադրությունները, երդումներով տևականությունը երաշխավորված սեր մը դրժած ըլլալուդ ամոթը բացահայտ կերպով լի ծանրացներ վրադ: Ավելին կ՚ընե. ինքը կը ստանձնե այդ մեղքը, առաջինը՝ ինքը քեզ թողած ըլլալու երևույթը առնելով:

Ու այնպես է Խղճմտանքը, անողոքելի ու անկաշառ Խղճմտանքը մարդուս, որ ան ալ՝ մարդոց պես՝ ի հարկին երևութական ու արտաքին ճշմարտությամբը կը բավականանա: Ան որ հանգիստ ու դադար չպիտի տար քեզի եթե դուն նախ լքեիր սիրած աղջիկդ, հիմա անոր անձնվիրությունը չհասկնալ ձևացնելով՝ անմեղ կը հռչակե քեզ ու սրտիդ անդորրությունը կը վերադարձնե քեզի:

Ինքնախաբությունն է այս, առանց որուն ապրիլը անհնար պիտի ըլլար գուցե:

Այս ազատագրությամբ երջանիկ եղեր էի սկիզբները՝ տարիքիս եսասեր անփորձությանը մեջ. վերջեն ինքզինքիս վերադարձիս մինակ մնալուս՝ իր բոլոր անձնվիրությունը խոստովաներ ու վայելեր էի ուշ մնացող շնորհակալությամբ մը և կարծես հետադարձ սիրո վերսկսումով մը:

Այս էր անցյալը:

Ու հանկարծ դեմ առ դեմ գտնվելնիս կիրակի առտու մը Ալեմտադիի փոքրիկ եկեղեցիին մեջ. անակնկալ ու բիրտ հանդիպումը որ ո՛ևէ կանխապատրաստությամբ չէ մեղմացած մեջ երկու կողմն ալ պատշաճ կեցվածք մը առնելու