Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/168

Այս էջը սրբագրված է

և իրենց հոգիին խռովքը գոնե սքողելու ժամանակ և միջոց չունին, այնպես որ այն երկար տարիներու անջրպետը որ մեզ զատած էր, ջնջվելով բոլորովին, մեր բաժնվելուն ճիշտ հաջորդ օրվան կը վերադարձնե մեզ։

Տպավորությունս այնքան սաստիկ է որ իր կարգված ըլլալուն և քովը կեցող մարդուն, հավանականաբար, իր էրիկը ըլլալուն տարտամ գիտակցությունը միայն կ՚արգիլե զիս իր քովը փութալ վազելե։

Բ.

Դասեն՝ կը դիտեմ զինքը հետաքրքիր, ու քիչ մըն ալ, ինչո՞ւ պահեմ, անձկությամբ։ Ինե չորս քայլ միայն հեռու է, փղոսկրե կողքով աղոթագիրքը ձեռքը, դեմքը այլայլած ու աչքը՝ իմինիս չհանդիպելու փախուստին մեջ սեղանին ապավինած։

Իր գեղակառույց արձանի շռայլված պարգևները խաթարված չէին ամուսնանալովը. ընդհակառակը։

Նույն հասակյա կինն էր, աղջիկ ատենին վրա սոնքացած քիչ մը, իրավ է. բայց իր գորշ արդուզարդին ճարտարարվեստ վայելչությամբը, որ այս գյուղի ժամուն մեջ զարմանք կը հրավիրե, պարտկելով, նույնիսկ շնորհալի ընծայելով իր մսոտ կնկան թանձրությունը։

Աչվըները՝ ածուխի կոտրտուքի պես փայլուն ու պճլտացող սևություննին պահելով հանդերձ՝ առջի աչքերը չէին, միշտ խոլ խնդուքով մը լեցուն աչքերը, այլ հանցավորի խոնարհ ու երկյուղաբեկ անձկությունը կը մատնեին:

Առաջին զգացումս վերլուծելով՝ խորունկ գոհունակությամբ մը կը լեցվի սիրտս։ Վախցեր էի որ ատենով, դյուրախաբ պատանիի անփորձությանս մեջ, անշնորհք էակի մը սիրտ տված ըլլամ. ինչ որ պիտի ամչցներ զիս այսօր որ ճաշակիս ու ընտրությանս ազնվությանը կը վստահիմ։ Մեկ Նայվածքով կը համոզվիմ որ այս վախը անտեղի է բոլորովին.