Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/169

Այս էջը սրբագրված է

թե որ այս վայրկյանին առջի անգամ ըլլալով հանդիպած ըլլայի իրեն, կը զգամ որ հիմա ալ բոլորանվեր պաշտումով մը պիտի պաշտեի զինքը:

Միակ վախը որ կա՝ այն է որ ինքը արժանի չգտնե զիս իր սիրույն. ժամանակեն առաջ ճերմկցող մազերես՝ հոգերով ու մտմտուքով բեռնավորված ճակտես՝ չճանչնա այն պատանի ալ ամբարտավան գլուխը զոր ծունկին վրա հանգչեցնելը կը սիրեր ատեն մը։

Ու կը խորհիմ որ անտրտունջ, գրեթե ժպտելով բաժնվեր էր ինե մինչև վերջին վայրկյանը անուշբերնելով զիս, իր սովորական գգվող, փայփայիչ անուններեն և ոչ մեկը զլանալով ինծի, «հոգի՜ս»֊ներ, «կյանքս»ներ որոնցմով օրորեր, վարժեցուցեր էր զիս և ուրկե վերջին պահուն զիս զրկել չուզեց բնավ, այն բժշկին պես որ մոտալուտ վախճանին գիտակցությամբը ամեն ուզածը կը շնորհե հիվանդին։

Մինչև վերջին օրերը իր կատակասեր ու զվարթ բնավորությունը պահեց, սաչափը միտքս է սակայն որ երբեմն հանդիսավոր ձև մը կխառներ, իրիկունները՝ իրարմե բաժնվելնուս՝ ձեռքը որ իր գիծերուն անուշ նրբությամբը գլուխ-գործոց մըն էր, ինծի երկնցուցած պահուն, երդումի մը համար կարկառված կը թվեր՝ երդում զոր շրթունքը չէին արտասաներ, այլ իր աչքերը կը զուրցեին ինծի իրենց մռայլամած երկինքի ստվերներովը։

Երբեմն պզտիկ ակնարկություններ կ՚ըներ մեր հավանական բաժանումին։

— Ինծի նայե, Գիրգորս, կ՚ըսեր ինծի, ամեն բան աշխարհիս մեջ հանգիստի, արձակուրդի պետք ունի. ծաղիկները իրենց փթթումովը կը հոգնին ու հաջորդ տարին կը ծլին մեյ մըն ալ։ Սերն ալ իր վաքանսը ի՞նչու չունենա, չա՛ր զավակս, մի՛ վախնար որ քու հարափոփոխ խառնվածքդ մեղադրեմ, քու սիրույդ սպառումը իր ուժգնութենեն, չափազանց վատնում են կու գա. թե որ սա մեր միասին անցուցած երկու տարվան մեջ շատ չսիրեիր զիս՝ չպիտի պաղեիր հիմա ինե. քու արդարացումդ նույն իսկ հանցանքիդ մեջն է. այն բանը զոր ուրիշ կին մը իրեն պզտիկություն պիտի սեպեր, ես ինծի