Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/17

Այս էջը սրբագրված է

իրենց հաստատակամությամբ, անվեհերությամբ և զգացմունքի ուժով։ Մի քանի հպանցիկ ուրվագրումներով է կերտված Հակոբոսի հոյակերտ տիպարը, բայց նա թողնում է քայլող բրոնզե արձանի տպավորություն։ Նա պայքարում է իր «բնական իրավունքին հենած... ճակատաբաց»։ Այինկան վտանգների գնով՝ օրվա ապրուստը վաստակելու դժվարությունների պատմություն է, որը սակայն վերածվել է պայքարի մի գովերգի ընդհանրապես: Այս նորավեպի մեջ հեղինակը դրսևորել է ժամանակի արյունոտ բռնակալությանը որևէ ձևով հակադրվելու այրող կարոտը։

Զոհրապի գեղեցկագույն նորավեպերից մեկն է Թեֆարիկը, որի մեջ արտահայտված է հեղինակի հոգու մի այլ պահանջը՝ բարձր մարդկայնության, ազնվության, անկշռելի սիրո և գեղեցկության պահանջը՝ հոգու և մարմնի գեղեցկության, որ պատկերված է ներդաշնակ ու կուռ միասնությամբ։ Այս նորավեպում հեղինակը կերտել է հայ աշխատավոր կնոջ հմայիչ տիպարը, որի միջոցով դրսևորել է հայ կնոջ հանրածանոթ մեղմությունը, բարությունը, անսահման նվիրվածությունը իր պարտականություններին։ Նորավեպի հերոսուհու՝ Աշխենի հոգու շենշող գեղեցկությունը պատկերել է Զոհրապը՝ մի պահ բաց անելով նաև իր հոգու նվիրական «գաղտնիքները»։ Այդ պատճառով էլ բարձր հուզականությամբ է թոթավուն նրա գունեղ վրձինը այս նորավեպում, հուզականություն, որ բխում է լեցուն սրտից, հաղորդվում տպավորունակ ընթերցողին՝ նպաստելով նրա հոգու ազնվացմանը։

Ճիտին նորավեպում խտացված է սոցիալական մեծ բովանդակություն, որը մեկնաբանել է հեղինակը հոգեբանական խոր անդրադարձումով։ Դրամատիրական իրականության համար շատ սովորական մի պատմություն է այս երկը՝ սնանկացած վաճառականի տվայտանքների և, հուսահատության պահին, ինքնասպանության դիմելու պատմությունը, նորից հեղինակը հանել է լայն ընդհանրացում, հանգելով այն եզրակացության, որ տվյալ իրականության մեջ՝ կարիքը և բավարարման միջոցները խիստ հակադրության մեջ էին, այդ պատճառով էլ կարիքի ոսկրուտ ճանկերը բռնում էին շատերի կոկորդից՝ տառապանք ու մահ սփռելով ամենուր։

Այս շրջանում գրած նորավեպերին նյութ է ծառայել նաև ժամանակի բարքերի անկումը («Մամայիդ բարև ըրե», «Սառա»), դասակարգային հակադրությունից առաջացած դժբախտությունները («Առջի սեր առջի բարի», «Կատակ»), ժամանակակից բուրժուական երիտասարդության պատկերը («Դիմակը») և այլն։

Այս շրջանի վերջին նորավեպը՝ Ռեհանը նվիրված է պատանեկական սիրո փառաբանմանը։ Եթե քնարականությունը Զոհրապի նորավեպերում մեծ մասամբ «ստորերկրյա հոսանք» է, ապա այս երկի մեջ նա առատությամբ դուրս է ցայտել՝ վերածելով Ռեհանը նորավեպ-արձակ բանաստեղծության։