Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/172

Այս էջը սրբագրված է

այդ մարդուն քով զոր հարկավ պիտի խաբես սիրո խոստումներով, ինչպես որ զիս ալ խաբեցիր. բարի վայելում կը մաղթեմ իրեն:

Ու այս մարդուն դեմ, որուն ով ըլլալը չէի գիտեր, ատելություն չէի զգար, այլ արգահատանք մը, կը խնդայի վրան, կը կարեկցեի իրեն, վայրկյան մըն ալ սաստիկ մարմաշ մը կը զգայի երթալ գտնելու զինքը ու ականջն ի վար ըսելու, որ հետը կարգված աղջիկը իմ սիրուհիս եղած էր. ասով կարծես թե կը սփոփվեր իմ վիրավորանքիս ցավը. բայց կը խոստովանեի իսկույն որ ասանկ փափագ մը ունենալս անգամ զզվելի բան մըն էր. հիմա իմ բարոյական ստորնացումիս դեմ կը սրտմտեի և Մաքրիկին ազնիվ նկարագրին իմինես շատ ավելի բարձր ըլլալը զայրույթով կը լեցներ զիս։

Հետո, ատեն անցնելով, այս ամենը ամոքեցավ, մեղմացավ, ջնջվեցավ վերջալույսի մը բոցավառության պես, որ մեր սիրույն իրիկնամուտն էր։ Իմ հեղհեղուկ ու փութամոռաց երիտասարդի սիրտս բան մը չհիշեց այլևս:

Անոր մեկնելեն հեռանալեն շատ ետքը կրցա իր ամուսնության պատմությունը ստուգել ու ճշտել, շատ լացեր էր ինե զատվելուն համար, հարուստ էրիկ մը ձեռքե չփախցնելու վախովը բացատրեցին ոմանք իր տարօրինակ աճապարանքը կարգվելու։ Ես վերահասու ճշմարտության, գիտեի որ այս ամուսնության շնորհիվ Պոլիսը ձգել երթալու և զիս մոռնալու կարելիությունը զինքը համոզեր էր ամեն բանե ավելի. և այս վստահությամբ ինքնիրենս հաշտվեր էի Մաքրիկին հետ. ի՜նչ կ՚ըսեմ, տարիներե վերջը անզուգական կինը մնացեր էր ան իմ աչքիս։

Ունևոր ու տարիքոտ մարդ էր էրիկը: Երազված միությունը չէր ասիկա, այլ այն գռեհիկ կապակցություններեն մեկը, որ ամուսնութենե մը ավելի զուգավորիչ մըն է, և զոր պսակին օրհնությունը ոչ կրնա ազնվացնել և ոչ իսկ արդարացնել: Ոչ հոգիի և ոչ մտքի պատշաճություն երկուքին մեջ. ոչ կրթության և ոչ զգացումի ներդաշնակություն, ոչ տարիքի և ոչ մարմնի հարմարություն, այլ բիրտ հպումը, անմեկնելի ու հավիտենական մերձեցումը, ավելի բիրտ քան այն զույգ մը