Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/173

Այս էջը սրբագրված է

եզինը որ արորի մը կը լծվի և ուր գոնե՝ գույնի, տարիքի ույժի ներդաշնակություն կը փնտրվի։

Մաքրիկ գոհ էր սակայն իր ամուսնութենեն. արտաքին ու ցույցի գոհունակություն զոր ամեն աղջիկ կ՚ունենա կարգվելեն վերջը, որ հակառակ իր պարծանքի հանգամանքին, համակերպութենե ուրիշ բան չէ, և որ, ափսո՜ս, անոր հույսնրուն ու երազներուն նավաբեկությանը մեջեն անջատվող ծփացող միակ խլյակն է. ամուսնացած ըլլալու և դրամի տեր մեկու մը կնիկը եղած ըլլալու գոհունակություն:

Մարդը, այսպես կը կոչեի ես էրիկը Անգլիո մեջ հաստատված հարուստ հանձնակատար մըն էր, Կեսարիայեն հոս և հոսկե Մանչեսթր անցած, որ անգլիական ոստանին վարքը ու բարքը յուրացուցած կը կարծեր, այն պատճառավ որ իր ածիլած ծնոտին,— գիշակերի հուժկու ու կոպիտ կզակ մը,— երկու դիեն երկնցուցած էր մորուքը, որ իր ամեն ժամ պիֆթեք ուտող ու գինի խմող մարդու կարմրած այտերը կը ծածկեին: Երկար, գլանաձև գլխարկովը, ծունկերը գոցող սև սըտենկոդովը, որ հանդիսավոր ու պաշտոնական մարդու ծպտումը կուտար այս դրսեցիին, զույգ մը կարմիրի զարնող դեղին ձեռնոցովը զոր իր ոսկրուտ ու ոտքերու չափ մեծ ձեռքերուն մեջ կը ճմրթկեր, այս մարդը՝ Պոլիս գալուն՝ բոլոր հոստեղի աղջիկները ափ ի բերան ըրած ըլլալու միամտությունը ուներ։

Հոս՝ հայ վաճառականներու կիները որոնք խլավուզություն ընելը կը սիրեն, կը թրվռային վրան, ձեռքե ձեռք կը քաշեին զինքը, իր դրամի տեր մարդ ըլլալը գիտնալով, ո՛րը քույր մը, ո՛րը եղբոր աղջիկ մը ուներ անոր հավնեցնելու. և ընդունայն ճիգերու, պզտիկ դավն բու, երբեմն չարությամբ ու նախանձով նյութված մրցումներու մեջ կը սպառեին. մեկը ճաշի կը հրավիրեր զինքը, մյուսը երեկույթի, ու այս ընդդիմամարտ հրավերներուն մեջ մարդը շփոթած կը կենար, թեև հատկապես կարգվելու համար եկեր էր Պոլիս, շատ մը իր նմաններուն պես որոնք՝ ամուսնության globe-trotter-ներ՝ մենե աղջիկ մը առնելու համար մինչև հոս կու գան:

Հետո, փողոցը դիպվածով Մաքրիկը տեսնելուն, իսկույն