Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/174

Այս էջը սրբագրված է

հավներ, հարցուցեր փնտրեր և ամուսնության ուզեր էր զայն։ Աղջկան ընտանիքին համար անակնկալ բախտ մըն էր ասիկա. նշանտուքը, հարսնիքը և հարս ու փեսին ասկե մեկնիլը մեկ եղավ։

Անկե ի վեր ճիշտ տասերկու տարիներ անցեր էին միապաղաղ անդորրությամբ մը. իր հարստությունը ավելցուցեր էր հիմա։ Կյանքին մեջ ամեն բան Ժպտեր էր այս մարդուն երեսին և այս հաջողությունները իր մեծ խելքին ու արժանիքին պարտիլ կր կարծեր, նույնիսկ այն վայելչագեղ կինը, որուն վրա իր ցանկասեր մարդու նայվածքը կանգ առած էր:

Այսքան տարիներ բացակա մնալե վերջը, առջի անգամ ըլլալով կնոջը հետ Պոլիս կու գար պտտելու համար քիչ մը, քիչ մըն ալ Պոլսո առևտրական վիճակը մոտեն հասկնալու:

Հիմա եկեղեցիին մեջ կնոջմեն՝ էրկանը կերթա նայվածքս ու կը փորձեմ ինքնիրենս ճշտել այս ռամիկ մարդուն ինչ ըլլալը: Կիրակի առտվընով մեծ կու գար ան, չէր սղմեր կարծես այս պզտիկ ժամուն մեջ ուր քրիստոնեական խոնարհությամբ մը միայն կնոջը թով եկած կեցած կը թվեր, ճաղատ գլուխը բաց, վայելուչ կեցվածքի մը մեջ արձանացած և ձախ ձեռքին մեջ բռնելով գլխարկը ու ձեռնոցները, իր անբաժանելի կարմիր ձեռնոցները:

Դ.

Մտերիմ բարեկամս է ան հիմա. ութ օրվան մեջ հաստատված մտերմությամբ։

Այս բարեկամությունը ստանալու համար՝ իր ունայնամիտ ու ինքզինքին հավնած մարդու տկարություններեն օգուտ քաղեցի։

Խոսելու ձևերէս, որոնց մեջ մասնավոր մեծարանք կը գնեմ իր անձին հատուկ, ախորժած կը թվի. կը զգա այն զանազանությեւնը, որ կա «հրամանքնիդ»-ին՝ զոր խոսքս իրեն ուղղած ատենս կը գործածեմ և պարզ «դուն»-ին մեջ զոր շուրջս տեսած ուրիշ մարդոց անխտիր կը բաշխեմ, ով որ ալ ըլլա այդ ուրիշը: