Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/176

Այս էջը սրբագրված է

Կովի կառքերու անհատնում շարքն է, որ կը ձևանա իսկույն: Կարմիր ու պարարտ հողին մեջ սայլերուն անիվները կը թավալին փորելով իրենց խորունկ ակոսը, հողին ճակտին վրա ձգված խորշոմի մը պես: Ահա անտառին մեջն ենք և աչք դառածին չափ կը շարունակվի ան, ամեն մութ բաներու պես, իր սահմանին անստուգությամբը, իր հսկա ծառերուն անհատնում շարքովը, իր ստվերին խորհրդավոր անդորրությունովը, իր գույնզգույն կանանչությամբը որ երբեմն մինչև դեղինին կը մոտենա և երբեմն գրեթե սևը կը շոշափե, ամեն երանգները անկարգ կարգավորությամբ մը սփռելով։

Ձան ու ձուն չկա հոս՝ անիվներուն կռնչող թավալումեն զատ. հանկարծ սարեկի մը սուր երգը կը վրդովե լռությունը ու այստեղ կյանքի գոյությունը կը հաստատե։

Գետինը կակուղ է, փետուրներով շինված բարձի մը պես, լորցած տժգունած տերևներու անկումով ձևացած կակղություն, որոնք ամեն քայլափոխի կը խշրտան, չտեսնվող օձերու սողոսկումներու պես։

Այս դարավոր ծառերուն, որոնք իրենց երկնըմբերձիկ ուղղությունը անվթար կը պահեն առույգ ծերունիներու պես բաղեղի փաթթվուքներ մինչև գագաթները կը հասնին հավերժական գիրկ ընդխառնումի մը մեջ, ու գորշ կեղևնուն վրա փակած մամուռները՝ թավիշի կտորներու փայփայանքը կը ցանցնեն, հին զգեստի մը վրա փակցված թանկագին կերպասի տպավորությունը ձգելով։

Այս է մեր ամենավուր ճամփան ուրկե Մաքրիկին ու անոր ամուսնին հետ կ՚անցնինք։

Հոս հոն՝ ծերացած ինկած ծառերու բուներ, ոմանք տարիներու բեռան տակ փճացած ու ոմանք իրենց առուգությանը մեջ օր մը կայծակեն զարնված։

Գետնեն հազիվ թիզ մը բարձրությամբ նիհար ցողուններով բույսեր՝ [այն ու հորիզոնաձև տերևներով, հողմահաբի պես բացված, որոնք բոլոր այս տարածությանը վրա, դեպի երկինք բացված անհամար ձեռքեր ու կը նմանին, ամբողջ մարդկության մը ձեռքերը, չեմ գիտեր ինչ սպասումի և,ակնկալության դիրքի մեջ։