Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/18

Այս էջը սրբագրված է

Զոհրապի հրատարակած Մասիս գրական շաբաթաթերթի վերջին համարը լույս տեսավ 1893-ի օգոստոսին. դրանից հետո նա ոչ մի տող չտպագրեց մինչև 1898 թիվը, երբ Սիպիլի և Հ. Ասատուրի հետ ստանձնեց Մասիս օրաթերթի խմբագրությունը:

Այդ օրերը (1898 թվականի կոտորածներից հետո) սուգի օրեր էին հայ ժղովրդի համար: Գրեթե բոլոր հայտնի գրողները փախել էին մահահոտ երկրից և ապաստան գտել արտասահմանում: Զոհրապը միակն էր երկրում մնացած ականավոր գրողներից և նրա վրա մեծ պարտականություն էր ընկնում՝ գլխավորել գրական կյանքը, մամուլը, ոգևորել, հույս և տոկունություն ներշնչել քանդված բույնը վերաշինողներին, և «խիզախ ու անվեհեր» գրողը, «երկաթե նկարագրի» տեր հանրային գործիչը մեծ եռանդով է կատարում իր նվիրական պարտքը: Իր առաջին իսկ առաջնորդներով նա խրախոսում է ժողովրդին, պահանջում է չընկճվել, վհատության գիրկը չընկնել, քանզի վհատությունը պայքարից հրաժարվողների բաժինն է, իսկ հայը երբեք չի հրաժարվել պայքարից:

1898-ից սկսվում է Զոհրապի ստեղծագործության երրորդ և ամենանշանակալից շրջանը: Այդ շրջանումն է նա գրել իր լավագույն նորավեպերի և ակնարկների մեծ մասը, իր արձակ և չափածո բանաստեղծությունները, ավելի հասուն է դառնում նաև նրա հրապարակախոսական գրիչը: Նրա գեղարվեստական հրապարակախոսության լավագույն նմուշների մեծ մասը նույնպես գրված են այս շրջանում:

Որքան էլ Զոհրապը հորդորում էը չընկճվել, չհուսահատվել, ինքն էլ, այդ լավատես ու կենսուրախ մարդը, չի կարողանում խուսափել հուսալքման իր տուրքից: Մարդկայնորեն միանգամայն հասկանալի է դա, քանզի սուգը շատ էր մեծ և հեռանկարը մշուշոտ: Այդ տրամադրությունների արդյունք են 1898-ին գրած Խնդուքը և Կապիկը նորավեպերը, որոնց մեջ է տրված երջանկության անհնարինությունը և աշխարհի անտարբերությունը տառապանքի և տառապողի հանդեպ:

Նույն տրամադրությունների արգասիք են Թիթեռնիկներ և էտլվայս արձակ բանաստեղծությունները, որոնց մեջ դիմելով այլաբանությունների, հեղինակը պատկերել է 1896-ի կոտորածներից հետո ստեղծված ծանր վիճակը, հայ ժողովրդի մեծ վիշտը այդ առթիվ և ողբերգությունը այն սերունդի, որի մեջ էր նաև ինքը՝ Զոհրապը:

Հեղինակի շոշափած հարցերը այս շրջանում ավելի բազմազան են ու բազմաբնույթ և վերաբերում են թե՛ մայրաքաղաքի, թե՛ գավառի և գյուղի կյանքին:

Գյուղի մասին գրած Զոհրապի լավագույն նորավեպը Փոթուրլըն է, որի մեջ հեղինակը ջերմորեն դրվատում է գյուղական աշխատանքը և աշխատավորին, դատապարտում է գյուղում ապրելը պատիժ համարող տգետ