Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/181

Այս էջը սրբագրված է
ԱՐՄԵՆԻՍԱ

Ա.

Հալքին հունաբնակ կղդի մըն է։ Հոն ճանչցա զինքը: Անասթաշի քազինոն կու գար իրիկունները՝ շոգենավեն դիմավորելու իր ամուսինը, վասն զի իր ամուսինը պիտի ըլլար այն գեր, կարճահասակ, հիսուննոց մարդուկը զոր կ՚առներ միասին՝ պանդոկ վերադառնալու համար։

Մինակ դուրս կ՚ելլեր ամեն ատեն, երբեմն հետը կը բերեր վեց տարեկան փոքրիկ տղեկ մը որ իր զավակն էր անշուշտ և որուն հետ մեծ մարդու մը պես կը խոսակցեր մինչև վերջը։

Ոչ մեկու հետ հարաբերություն կամ տեսություն հաստատած էր։ Երիտասարդներ, ամեն ազգի, միշտ հետաքրքիր երբ կին մը ճանչնալու վրա է խնդիրը, ի զուր իր շուրջը դեգերած կամ իր ակնարկը ակնկալած էին. երբեք չէր դարձած զանոնք դիտելու։

Կազինոն, ծովուն վրա երկնցած տախտակե դարատափին եզերքը, անկյուն մը ուներ, ուր ամեն իրիկուն կու գար առանձին նստելու, այդ անկյունը իրն էր, գեթ այդպես նկատված էր քազինոյին հաճախորդներեն, որոնք իբր բարեկիրթ մարդիկ՝ այս անծանոթ օտարուհին մեծարել կը սիրեին: