Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/183

Այս էջը սրբագրված է

Մաքուր հայերեն խոսեցա նախ, բառերս ու բացատրություներս զատելով, խնամելով, հետո ֆրանսերեն ու թուրքերեն, հասկցնելու համար որ բոլորովին արհամարհելի անձ մը չէի:

Հետո հագուստիս սկսա խնամք տանիլ. դերձակս, որ զիս միշտ խնայող ճանչցած էր, զարմացավ հինգ ձեռք զգեստ մեկեն շինել տալուս, փողկապներու ահագին պաշար մը ամբարեցի ու վերջին նորաձևության պահանջումներուն և ոչ մեկեն փախուստ տվի: Շապիկներուս օձիքը, ձյունաթույր, նեղ ու բարձր, որ մինչև թուշս կը հասներ և զիս շնչահեղձ ընել կը սպառնար, թաշկինակներս, նուրբ, մանուշաբույր, շքեղ սկզբնատառերով զարդարված, կը բավեին արդուզարդի արժեք ճանչցող կին մը հրապուրելու:

Ինքն ալ շատ աղվոր ու շատ մաքուր կը հագվեր. ամեն օր կը փոխեր իր շրշագգեստները որոնք իրարմե գերազանց կերպով վայելչաձև ու ճաշակավոր էին, և որոնք Տըմիլվիլի կամ Թռիքոթյոզի խանութներուն մեջ պատրաստված կը թվեին: Իր կամարաձև փոքրիկ ոտքերը, զորս հաճույք կը զգար անշուշտ ցույց տալու շրջազգեստին ծայրեն, միշտ մետաքսյա սև գուլպաներով ու Փերայի ամենեն ճարտար արհեստավորեհ շինված կոշիկներով ամփոփված էին։

Ի՞նչ օգուտ սակայն որ իրեն ծանոթանալու ամեն ջանքերս անտես մնացին, համբակ սիրահար մըն էի. ոչ բարձրաձայն խոսակցությունս որուն ակամա ունկնդիրն էր, ոչ վրդովյալ շարժուձևերս, ոչ իրեն ուղղած համառ ու բոցավառ նայվածքս, ասոնց և ոչ մեկը կրցավ իր գեղեցիկ մարմարե արձանի վայելուչ անտարբերությանը հաղթել. և ոչ իսկ նայեցավ երեսս:

Այն ատեն անհաջողությունս, հունաց քով պզտիկ մնալու ամոթս, բուռն հակառակության մը փոխվեցավ այս կնոջ դեմ։ Իր հպարտ ձևերը անկրթությանը տվի և իր մեկուսացյալ կյանքը՝ ընտանիքի մեջ երևալու համար ունեցած գաղտնի պակասությանցը: Ամեն կողմ սկսա չարախոսել իր վրա. որոշ ամբաստանություն մը ընելու անկարող էի, բայց անանկ կասկածներ կը հայտնեի որոնց ուժ ու հաստատություն կու տար այդ գաղտնածածուկ կենցաղը: