Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/184

Այս էջը սրբագրված է

— Պոլսո ծանոթ ընտանիքներեն չէ այս կինը, կ՛ըսեի դեմս ելլողին, և իր ծեր ունի սիրահարը ավելի հոմանին կ՝երևա քան թե օրինավոր էրիկը։ Ու բարեկամներս, ինծի պես դառնացած, իմ խոսքս ամեն կողմ կը տարածեին։ Բարեբախտաբար իրեն չէր հասներ այս բամբասանքներ բուն արձագանքը։ Կղզեցիներուն ուշադրությունն ու հետաքրքրությունը չէր դադրեր. հելլենուհիները, ամեն ատեն աղեկ հագվելու հետամուտ, իր զգեստներուն տարազը օրինակել կը ջանային, առանց ձեռք բերելու անոր կատարելությունը. և երբ անցներ Լիվատիայե իր փոքրիկ տղուն ձեռքեն բռնած, նազելաճեմ, դիցուհիի մը պես հանդարտաքայլ, զմայլանքով ու գովեստով խառն մրմունջ մը կը լսվեր ամեհուն բերնեն, մրմունջ որ զիս ցասմամր կը լեցներ, -Ի արմենիսա ինե, ի արմենիսա:

Բ․

Արմենիսա շնորհալի ու հրապուրիչ էակ մըն էր․ ատողներ, պաշտողներ միայն կային շուրջը․ անտարբերներու հանդիպած ըլլալու չէր։ Իր վրա ամեն բան հատուկ դրոշմ ուներ, շարժվածքը, նայվածքը, խոսվածքը։ Բնավ հետաքրքիր չէր. զարմանալու սովորությունը չուներ կարծես. ի՞նչ բանն կ՚ախորժեր արդյոք, ինչո՞վ կարելի էր հաճելի դառնալ իրեն, դժվարին հանելուկ, զոր լուծողին՝ այս հեշտաբույր ու գեղանի կինն էր խոստացված պարգևը։ Իր լանջաբերձ ու խրոխտ կուրծքին մեջ սիրտը կը մնար թաքուն ու գաղտնի, անհպելի գանձի մը պես, որուն «Բացվե, ո՛վ Սեզամ»-ը կը փնտրվեր ու չէր գտնվեր։ Արմենիսայի մեծագույն զբոսանքը պտույտն էր, լայնեզր հարդե գլխարկի մը տակ ամփոփելով առատ մազերը որոնք դեպի վեր առնված, իր ծոծրակին աննման ու անբիծ սպիտակությունը ցույց կուտային, մեկ ձեռքով իր շրջազգեստը ժոզվելով շնորհալի ձևով մը և մյուսով իր կարմիր հովանոցը