Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/185

Այս էջը սրբագրված է

բացած, որուն արևին տակ ցոլացումը իր դեմքին վարդի երանգները կը շեշտեր։

Պաշտելի ու հրաշագեղ էր այսպես, կիրակի առտուները անպատճառ Մեծ Կղզի պիտի երթար. ես ալ հոն պատահեցա որ մը իրեն։

Այն մաքուր, ավլված ու ծառազարդ ուղիեն կ՚երթայի, որ նավամատույցեն դեպի Ճաքոմոյի օթելը կը տանի։

Երկու կողմե, խնամված ծաղկած պարտեզներու մեջ, ամեն մեկ քայլին սիրուն տուներ, վիլլաներ երբեմն, ապարանքներ որոնց բաց դռներեն ներս կահավորման ճոխությունն ու շռայլությունը աչքի կը զարնե, սև հագուստներով և ճերմակ փողկապով սպասավորներ, տիրուհիին չափ զարդարված սպասուհիներ, ստնտուներ՝ ճերմակ ու բարակ կտավե գոգնոցով՝ դրան մոտ սպասելու կեցած։

Տարբեր տարբեր ճաշակով կառուցված այս քյոշկերուն մեջ քարուկիր ու անպաճույճ շենք մը իր պարզությամբը ուշադրություն կը հրավիրե, իբր միակ լուրջ դեմքը այս բոլոր զվարթ ու խնդացող պատկերներուն մեջ։

Ամենքը հոն կը դիմեն, ես ալ կը հետևիմ իրենց ու հայ-հռոմեականաց մատուռին մեջ կը գտնեմ ինքզինքս:

Իրավ հայո՞ցն է այս եկեղեցին. տաճկերեն կը խոսին, ֆրանսերեն կը բարևեն իրար. եվրոպացիներ կը տեսնեմ միայն շուրջս, ձեռնոցը ձեռվընին, գլուխնին բաց: Շթայնի խանութին հագված արձաններուն պես անշարժ ու կանգուն, ոչ ոք կՙաղոթե. սեղանին վրա քահանա մը ցած ձայնով ու անհասկնալի բարբառով ինքնիրեն բան մը կը մրմնջե. լռություն կը տիրե ամեն կողմ, թիվ պատարագն է այս. կիները իրենց փղոսկրե ծածկույթով աղոթագիրքնին կը թղթատեն և երբեմն սեղանին խոնարհություն մը կ՚ընեն, չկրնալով չփակին տակեն քոռսեին երկաթներուն մեջ ամփոփված ճմլված լանջերնին ծռել. այրերը՝ իրենց հագուստին ծալքերը շտկելով, ատեն ատեն ձախ ծունկերնին առջևի նստարանին կռթնցնելու չափ կոտրելով, իբր ծնրադրելու փորձ մը, ամենքը լուրջ ու ծանր կերպարանք մը առած, ներկայացման մը եկածի պես հանդիսավոր։