Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/187

Այս էջը սրբագրված է

խոհեմությամբ կուտայի պատասխանս, որպես ½ի այս անհուսալի դիպվածով ձեռք քերած մտերմությունս չկորսնցնեմ:

Ապաքեն հինավուրց բարեկամի մը պես մտերմություն ցույց կու տար հիմակ: Հալքիի երիտասարդներուն վրա կը խնդար, ազատ ու համարձակ ծիծաղներով. կը զգամ որ այլ խնդուքներուն մեկ մասը ինծի կը պատկաներ, մինչդեռ ինք՝ հանկարծ ուղղակի ինծի նայելով՝

— Կաթոլիկ եք, այնպես չէ՞, հարցուց։

Այս անակնկալ հարցման վրա չշվարելու խելացությունը ունեցա։

— Այո՛, ըսի իրեն՝ ատիկա հարցնելն իսկ ավելորդ դատող եղանակով մը:

Ես իսկ զարմացա այս հայտնի ստախոսությանս վրա պզտիկ մը շվար անելուս: Այս հաստատ պատասխանս զինքը համոզեց, գրեթե զվարթացուց:

— Խոսվածքնուդ կ՚երևա արդեն. հայերը — և նախատական ու արհամարհող բան մը ուներ ձայնին մեջ՝ այս բառը արտասանած ատեն — երբեք ձեզի պես տաճկերեն չեն կրնաք խոսիլ:

Տաճկերեն խոսեր էինք միշտ։

Արմենիսա, ճշմարիտ կաթոլիկ մը, մոլեռանդ բայց պաշտելի հայատյաց մը կը թվեր։

Գ.

Արմենիսան կը սիրեի ու երջանիկ կրոնափոխ մը եղա:

«Կաթոլի՞կ եք» հարցումը անդիմադրելի ու աննահանջելի բան մը ուներ իր մեջը, զոր սիրահարի մը սիրտը միայն կ՚ըմբռնե. առանց խղճահարության, առանց երկմտելու, այո՛ մը ըսելով կրոնքս գաղտնի պահեր էի, ինչպես հարուստի մը քով չքավորությունս պիտի ծածկեի:

Ի՜նչ դյուրավ կ՚ըսվի «այո»-ն. երկու վանկե և երեք գիրե կը բաղկանա այս փոքրիկ բառը և բովանդակ տիեզերքին կեսը կը նշանակե, վասն զի «այո»-ն և «ոչ»-ը բոլոր տիեզերքը կը ներկայացնեն: Մեկ բառով ուրեմն անցեր էի Ռյուպիրոնեն

11 Գրիգոր Զոհրապ