Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/189

Այս էջը սրբագրված է

Այսպես շարունակ հագեցած ու շարունակ անհագ իղձերե տոչորված, որ իմ հանցանքս ու արդարացումս է միանգամայն. սիրույս ու խղճմտանքիս մեջ երերածուփ, սարսափով միտքս կը բերեի իմ հանդուգն ստախոսությունս և օր մը հանկարծ երևան ելլելու հավանականությունը։

Արմենիսայի սերը՝ ատելությանը պես բուռն ու զայրացած բան մըն էր. այն սովորական կիներեն չէր որոնք մեկ անկումով բոլորովին կը նվաստանան: Արմենիսա, ընդհակառակը, իր անկումով բարձրացեր էր: Իր անփորձ օրերուն մեջ խաբեության մը գոհ գացած ըլլալով, իր տարիքեն ավելի լուրջ ու ծանրախոհ դեմք մը ուներ։

Պարզապես պահծու կին մը ըլլալով հանդերձ, միշտ պատկառանք ազդած էր ամենուն։

Ինչպե՞ս համակրեցավ ինծի, չեմ գիտեր, բայց գիտեմ թե իր ամենեն երջանիկ սիրահարը եղա։

Երկինքը ավելի ջինջ ու կապույտ երևցավ ինծի, ծովը ավելի հեզ ու իր ալիքը քաղցրամրմունջ ու խորհրդավոր, ծաղիկները, ծառերը, լեռներն ու առանձնությունը սիրեցի, գիշերվան աստղերը մտերիմ ու բարեկամ եղան ինծի, բարեսիրտ ու հեզահամբույր դարձա, առաջին անգամը րԱաքով տիեզերքը իր վեհության մեջ դիտեցի, զմայլեցա, ոտանավորներ գրեցի, սիրահար էի։

Հրաշալի տեսիլ մըն է կյանքը երբոր դիտվի այն վարագույրին պատռվածքեն զոր պատանություն կ՚անվանեն։

Ասկե վերջը ա՛լ չպիտի տեսնեմ ո՛չ այն երանության և ոչ այն խղճի տանջանքին օրերը։

Արմենիսա անսահման գերավ մը ցույց կուտար ինծի, իմ շփոթած ու երկչոտ դիրքս նախամեծար թվեցավ իրեն՝ գործոն ու ձեռներեց մարդու մը համարձակութենեն. կիները այսպես են. մայրական հոգածություն մը ունենալ կ՚ուզեն իրենց մտերիմներուն վրա, հոգածություն՝ որ տեսակ մը իշխանություն կ՚ենթադրե. ամոթխած ու դողդոջուն պատանի մը որ առաջին անգամը ըլլալով կնոջ մը ձեռքը կը սեղմե, փորձ ուհանդուգն երիտասարդն մը ավելի կը սիրվի:

Անկարելի բան մը պատահեցավ մեզի, երկուքնիս փոխադարձապես