Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/192

Այս էջը սրբագրված է

հետզհետե կը լեցվեին. մեկ ծայրը երաժշտական խումբ մը կ նվագեր, ու կամուրջեն մեկնող շոգենավը Հալքիի նավամատույցը կը բերեր այցելու ու շրջուն բազմություն մը։ Ելլողները կը դիտեինք, ընդհանուր զվարթություն կար. ես ալ սովորականեն ավելի ուրախ Արմենիսա լի կատակներուն վրա կը խնդայի: Հանկարծ, բարձր հասակ մը, ալեխառն երկայն մորուք մը, սև վերարկու մը և չուխայե փակեղ մը հեռվեն որոշեց զիս, բարևեց ու դեպի ինծի շտկվեցավ. այս սև վերարկուն, այս երկար մորուքը անմիջապես ճանչցա. ինծի Պանքոյի ստվերեն հազար անգամ ավելի ահարկու այս մարդը՝ որ իր անուշ ժպիտովն ու բարի դեմքովը կը մոտենար, մեր խոստովանահայր քահանան էր։ Առաքինի, մաքրակրոն, շատախոս ու ներողամիտ մարդ մըն էր. երբեք տաղավարի մը պարապ չէր թողուր մեզ. ինք կնքեր էր ու զավկին պես կը սիրեր զիս. զգացի փոթորիկին գալուստը և ի զուր խույս տալ ուզեցի կամ ծակ մը փնտրեցի ոտքով գլխով անհետ ու անտես ըլլալու համար։

— Ողջույն, տղաս, ըսավ տեր հայրը որ քովերնիս հասած էր ու շփոթությունս չէր տեսներ, ահա եկա գտա քեզի, ու՞ր կը նստիք, անցյալ տարինե ի վեր խոստովանած չես. այսօր տունով տեղով պիտի խոստովանիք ու գալ կիրակի Գնալը պիտի երթաք սուրբ հաղորդություն առնելու համար, տիկինը ո՞վ է, չեմ ճանչնար:

Տիկի՞նը. երեսն անգամ նայելու քաջություն չունեի, բերանս չէր բացվեր, Լիվատիայի կողմը ցույց տվի քահանային, իբր թե մեր տունը ցույց տալու համար:

— Հայրդ տո՞ւնն է։

Գլուխս երերցուցի՝ «այո»-ի մը փոխարեն։

Այս համր ու պապանձած վիճակես բան մը գուշակե՞ց արդյոք, չեմ գիտեր, միայն թե տանջանքս չերկարեց ալ։

— Ուշ մի՛ մնար, ըսավ ինծի հրամայական կերպով ու ճամփան շարունակեց։

Արմենիսա բառ մը չէր արտասանած բոլոր այս խոսակցության միջոցին: Տերտերը մոտենալուն, չգուշակելով դեպի ինծի գալը, խնդալու ու ծաղրելու վրա էր. քահանային ուղղակի