Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/193

Այս էջը սրբագրված է

ինծի դիմելը, մտերմությանը, ծանոթությունը զինքը ապշեցուց. լսած խոսքերը անհավատալի բաներ էին. ու ամեն բան զուշակեց։

Երբոր քահանան հեռացավ, երեսս նայեցավ աղեկ մը. զգացի որ այս նայվածքը՝ դաշույնի մը պես պազ ու սուր մինչև սիրտս կը մխվեր. ճակատս քրտնաթոր ու վայրահակ էր։

— Կաթոլիկ եմ ըսելով խաբեցի՞ր զիս մինչև հիմա, հարցուց այնպիսի ձայնով մը որ բարկութենեն կը դողար։

Երեսիս գույնը՝ բերնես ավելի բացահայտ կերպով խոստովանեցավ հանցանքս:

— Պատասխան չտա՞ս, խաբեցի՞ր զիս, գոչեց զայրագին, մեզ շրջապատող բազմությունը բոլորովին մոռնալով։

Պատասխան չունեի տալիք։

— Ըսե՛ տեսնեմ, կը կրկներ գունաթափ ու բարկաճայթ:

Մոտերնիս նստողները մեզի ուշադրություն ընել սկսան:

— Լոս տեղը չէ ասանկ խոսքերու, ամենքը մեզ կը դիտեն, վերջը կը հասկցնեմ խնդիրը, ըսի իրեն՝ փախուստի դուռ մը գտնելու հույսով։

— Ո՞ւր է տեղը, չըսե՞ս:

— Պանդոկ երթանք։

— Քալե՛։

Ու բացատրությունս, թերևս արդարացումիս լսելու անհամբեր, Արմենիսա ոտքի ելավ, ես կալանավորի մը պես իրեն, հետևեցա, ըսելիքս փնտրելով, չգտնելով շվարած մտքիս մեջ. կը զգայի որ ժամը եկած էր հրաժեշտ տալու վաղանցիկ երջանկությանս. Արմենիսան կը ճանչնայի համառ ու ոխերիմ. ոևէ գթություն չէի ակնկալեր իրմե. կորուստս անդարման ու բաժանումնիս վերջնական պիտի ըլլար։

Տուն հասանք, որչա՜փ կ՚ուզեի որ ճամփան անհատնում երկարեր ու բնավ չհասնեինք, սենյակը ելանք միասին, այն քաղցրաբույր, ժպտուն, խոստմնալից սենյակը ուր ամբաստանյալի մը պես կը մտնեի, և ուրկե դատապարտյալի մը պես դուրս պիտի ելլեի վայրկյան մը վերջը։

Հիշատակներով լեցուն էր այս սենյակը, բայց կեղծիք,