Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/194

Այս էջը սրբագրված է

շարունակել մտքես չանցուցի. մեկ բառով տիրացեր էի երջանկության ու մեկ բառով որոշեցի խույս տալ մեղապարտ ու հանցավոր երանութենես. բայց չկրցա անտարբեր զատվիլ ու հեռանալ. սիրտս փղձկեցավ. այն ատեն դուրս թափեցի հոգիիս բոլոր տառապանքը, սիրույս ու հանցանքիս մեծությունը. ի՞նչ ըսի արդյոք, չեմ գիտեր ու չեմ հիշեր. Արմենիսա ապշած, զարմացած, մտիկ կ՚ըներ առանց ընդմիջելու ու թող կուտար որ ուզածս ըսեմ: Ինքզինքս պաշտպանեցի հուսահատ քաջությամբ, երկու ամսվան կեղծավորությանս վրեժը Արմենիսայի կրոնական սկզբունքներեն լուծեցի, իր ամենեն նվիրական գաղափարներուն զարնելով գիտեի որ անդարձ ըլլար իմ հեռացումս։

— Պիտի սիրեմ քեզ, որքան ալ ատելի ըլլամ ասկե ետքը. իմ սերս քուկինեդ ավելի անկեղծ ու մաքուր է, ըսի անոր, անիկա իմ հանցանքս պիտի քավե, բայց քուկդ միայն մոլեռանդ գաղափար մըն է եղեր և ոչ թե ճշմարիտ սեր մը։

Արմենիսա համարձակությանս վրա կը զարմանար, երբեք զիս այսքան անվեհեր ենթադրած ըլլալու չէր. պահ մը իմ հուզումս իր սիրտն ալ շարժեց, բայց այսքան ատեն քիթին խնդացած ըլլալուս գաղափարը իր վիրավորված կրոնասիրությունը արթնցուց։

— Շատ լավ, շատ լավ, պատասխանեց, չերկնցնենք, հերետիկոս մըն ես և ուղղափառ ձևացուցիր ինքզինքդ. հոգ չէ. բայց ասկե ետքը մեր տեսակցությունը վերջացած է. գնա՛ մեղքերդ քահանայիդ խոստովանելու, խեղճ մարդը քեզի կը սպասե։

— Թող այդպես ըլլա։

Մեկնեցա, ավերակներու մեջեն խույս տալու պես, վախնալով որ պատերը վրաս չփլչին հանկարծ, հեռացա պանդոկեն, ու հոն թողուցի փշրված հույսերս ու երազներս, ետիս դարձա, ճամփան՝ մեր խոհարարին հանդիպեցա որ զիս կը փնտրեր ամեն կողմ, տեր հայրը դեռ զիս խոստովանցնելու մը սպասեր մեր տունը։

Քավելու մեղքս մնացե՞ր էր։

— Թող սպասե, պոռացի ծառային, ու հիմարի մը պես