Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/197

Այս էջը սրբագրված է
ԿԱՐԾԵՄ ԹԵ

Ա.

Ծոծրակին վրա վազվզող ոսկի ճառագայթներեն ավելի, որոնք կրակի մեջ ինկող պզտիկ օձերու պես՝ գալարումներ, կծկումներ ունեին, մատղաշ ու արքենի հասակեն ավելի, որ քալվածքին մեջ՝ զեփյուռեն օրորվող ոստի մը նազանքը կ՚առներ, իր վճիտ ու հստակ աչքերուն համար պաշտեցի զինքը:

Կանացի աչքը, անոր մեջ խորունկ նայողին համար, վիհի մը վրա բացվող լուսամուտի մը տպավորություն կ՚ընե միշտ, և այնքա՛ն անստուգություններ, հեղակարծ անակնկալներ կ՚ընդնշմարվին հոն, որ աննենգ և անխարդախ բանը զոր կը տեսնեի դեմիս աչքերուն մեջ՝ զիս կը հափշտակեր։

Բացարձակ ու անգիտակից Անկեղծությունը ունեի դիմացս, որ կարծես թե ակամա ըլլալուն համար արժանիք մը ըլլալե կը դադրեր։

Ծովեր կան որոնք թաքուն ցասումներ ու հրճվանքներ ունին միշտ իրենց կուրծքին մեջ զսպված, անոր համար է որ անոնց շափյուղյա ճակտին պայծառությունը վայրկյանե վայրկյան հազար գույներով կրնա գունավորվիլ. իրենց հարափոփոխ ու հեղուկ կյանքին ճակատագիրն է աս։