Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/199

Այս էջը սրբագրված է

Ճշմարիտ էր ըսածս, կ՚ուրախանար, կը ժպտեր, կը շառագուներ:

Եվ ձեռքը ձեռքիս մեջ՝ երբոր կը սթափեր զինքը համակող անէացումի հեշտանքեն, ինծի կ՚ուղղեր տրտում ու անձկությամբ լեցուն նայվածքը, կարծես պահանջելու համար.

— Խոստացի՛ր որ չպիտի մոռնաս զիս:

Գ.

Երբոր իմ մտերիմ բարեկամս, Ճամճյան Օննիկ, Իզմիրեն Պոլիս եկավ ամուսնանալու համար, ես տարիե մը ի վեր Աննիկեն բաժնված էի, այն խոլ արշավին մեջ զոր կը մղեի կնոջական զբոսանքներու համար, ավելի հետաքրքիր ուղևորի մը պես քան թե ճշմարիտ վայելքի մը սիրույն։

Բայց անոր դեմքը՝ հատուկ պատվանդանի մը վրա դրած կը պահեի սրտիս խորը, մասնավոր խուց մը հատկացուցած էի անոր, բացառիկ ու անստգյուտ էակին, ամեն հեղ որ կանացի պզտիկ դավերու, ստահոդ պչրանքներու հանդիսատեսը կ՚ըլլայի, այդ դեմքին հաստատատիպ արտահայտությունը կ՚ամոքեր զիս։

Եվ ունայնասեր՝ ինչպես կ՚ըլլան իմ տարիքիս մարդերը, կ՚երևակայեի այդ վճիտ ու հստակ սիրտը դեռ ինձմով լեցուն՝ թեև ես լքած ու ձգած ըլլայի զինքը շատոնցվընե ի վեր:

Աղեկ կը հիշեմ որ շաբաթ առտու մըն էր։

Բարեկամս եկավ տեղեկություն առնելու ինե աղջկան մը վրա, որուն հետ միտք ուներ ամուսնանալու և որուն գովեստը ըրեր էին ամենքը, իմ ալ կարծիքս առնել կ՚ուզեր որոշում մը տալե առաջ, ո՛վ ըլլալը հարցուցի. Աննիկն էր ան։

Չեմ ծածկեր որ մեծ սրտնեղությամբ մը իմացա այս լուրը. ուրեմն այս աղջիկը մոռցեր էր զիս, քանի որ ահա ուրիշի մը հետ կ՚ամուսնանար՝ մինչդեռ ես անմխիթար կը կարծեի զինքը ինե զատվելուն համար։

Բարեկամս իմ դժկամությունս կարդաց երեսիս վրա, այնքա՜ն այս հետադարձ նախանձը սրտիս վրա խարանի ցավ