Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/20

Այս էջը սրբագրված է

Զոհրապի ստեղծագործությունը բազմաժանր է։ Բացի վեպից և նորավեպից, նա գրել է նաև գրական դիմանկար, ակնարկ, արձակ և չափածո բանաստեղծություն, ճամփորդական նկարագրություն, հուշագրական էջեր, ֆելիետոններ և այլն, որոնք բոլորն էլ կարևոր են՝ հեղինակի ստեղծագործական դեմքը, գաղափարական ըմբռնումներն ու դիրքավորումը, կատարած դերը ուսումնասիրելու և որոշելու համար, մանավանդ որ, տարբեր ժանրի երկերը, զգալի մասով, կյանքի տարբեր բնագավառների, տարբեր երևույթների են վերաբերում։

Զոհրապի գրելակերպի հմայքը՝ հակիրճ, գունեղ, արտահայտիչ և կարկառուն ուրվագծերով գրելը, փոքր տարածության մեջ մեծ բովանդակություն խտացնելու ուժը տեսնում ենք նաև նրա գրական դիմանկարների մեջ («Ծանոթ դեմքեր»)։ Մարդկանց էությունը զարմանալի հմտությամբ ճանաչելը և նույնքան զարմանայի խորությամբ հաստատագրելը,— ահա ինչն է բնորոշ այդ դիմանկարներին։ Իսկական գրող-արվեստագետը ոչ թե գրում է, այլ ինչպես ասվում է փոխաբերաբար, նկարում է բառերով։ Այս արտահայտությունը կարծես դադարում է փոխաբերություն լինելուց, երբ խոսքը վերաբերում է Զոհրապի գրելակերպին, նույնպես և այս դիմանկարների մեջ։ Իրոք, նա բառերով նկարել է իր «բնորդներին»։ Դրանք գեղարվեստական դիմանկարներ են և ոչ ուսումնասիրություններ, թեև դրանց մեջ թե՛ գեղարվեստական, թե՛ գիտական ճշմարտացիությամբ են մեկնաբանվել դիմանկարվածների մարդկային էությունը, ներքին և արտաքին բնորոշ առանձնահատկությունները և նրանց կատարած գործը։

Ինչպես իր գեղարվեստական մյուս երկերի մեջ, այնպես էլ իր դիմանկարներում, նա անտարբեր նկարագրող չէ, այլ որոշակի վերաբերմունք արտահայտող, և որովհետև գրական ու հանրային գործիչների, հրապարակախոսների և մանկավարժների մասին են Ծանոթ դեմքերը, հեղինակի վերաբերմունքը պայմանավորվել է ինչպես գրականության դերի իր ըմբռնումներով և գեղագիտական հայացքներով, այնպես էլ իր հասարակական-գաղափարական պահանջներով։ Զոհրապը ուներ ոչ միայն քննադատելու առաքինությունը, այլև «գնահատելու քաջությունը», մի առավելություն, որ հատկանշում է, ըստ զոհրապագետ Ստեփան Շահպազի, «Զոհրապի թանկագին նկարագիրը», և այդ հատկությունները դրսևորվել են այս դիմանկարներում զոհրապյան անկեղծությամբ ու համարձակությամբ։

Այսպես, նա խստորեն մերկացնում է Հ. Նուրյանի միապետական հայացքները, «ազգային աղետները շահագործելը», նշելով, որ «Զեյթունի ապստամբությունը, Հայոց ջարդը 96-ին, իր կյանքին երկու ահավոր ու արյունոտ էջերը պիտի կազմեն», քննադատում է Հ. Մրմրյանի միստիկ