Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/200

Այս էջը սրբագրված է

մը ձգած էր. վախցավ որ աննպաստ կարծիք մը ունիմ այս աղջկան վրա։

— Ո՛չ, ըսի իրեն, ընդհակառակը, շատ գեղեցիկ ու շատ ուսյալ աղջիկ մըն է. ճաշակի մանավանդ սրտի տեր մեկն է. գեթ այսպես կ՚ըսեն զինքը ճանչցողները. ես հեռվանց միայն նշմարած եմ զինքը. երբեմն հոս հոն տեսած բայց մոտեն չեմ ճանչցած բնավ, գիտեմ սակայն որ ամենքը միաբերան զինքը կը գովեն:

— Ես ալ այնպես լսեցի, ըսավ բարեկամս, ուրեմն որոշումս որոշում է. վայրկյան մը վախցուցիր զիս, գիտե՞ս, կարծեցի որ անխելք բան մը ընելու վրա էի, Աննիկին հետ ամուսնանալովս, ուրեմն այս մասին ա՛լ խնդիր չկա. վաղը միասին պիտի երթանք խոսք կապը տանելու։

Ի զուր մերժեցի, ընդդիմացա, փաստաբանեցի, իզմիրցիները համառ կ՚ըլլան, և բարեկամս մինչև որ խոսք չառավ ինե հետևյալ օրը իրեն ընկերանալուս, չթողաց զիս. ձեռքեն ազատելու հնարը չեղավ, թող այդպես ըլլա ուրեմն։

Վաղը ես Աննիկին խոսք կապ պիտի տամ... ուրիշի մը համար. ի՞նչ բախտի խաղ, աստված իմ:

Դ.

Սրահին մեջ՝ ծնողքը, ազգականները, բարեկամները հանդիսավոր բան մըն է այս խոսք կապը, և մենք երկու երիտասարդ եկած ենք մինակուկնիս այս մեծ արարողության համար, ես իմ բարեկամիս ազգականն եմ, եղբայրն եմ, ամեն ինչն եմ. անիկա իբրև նշանած չի կրնար խոսիլ, և ես անոր տեղը պիտի խոսիմ, շնորհավորեմ, ավանդական բարեմաղթությունները պիտի բաշխեմ։

Անուշ կը հրամցնեն մեզի. Աննիկ դեռ չերևցավ. մտքովս կ՚երևակայևմ որ վերջին վայրկյանին զիս տեսնելով իր նշանածին քովը, առջի սերը պիտի վերարծարծի այնքա՜ն ավելի սաստկությամբ որքան լուռ ու մունջ կեցեր էր մինչև հիմա, իմ դեմս ուրիշի մը խոսք տալու քաջությունը չպիտի ունենա