Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/202

Այս էջը սրբագրված է

իրենց, չուզելով կ՚երթամ քովերնին. ինչ ըսելիքս, ինչ ընելիքս չեմ գիտեր։

— Աննի՛կ, կ՚ըսե բարեկամս, քեզի կը ներկայացնեմ իմ խիստ, բայց խիստ մտերիմ ընկերս, դուք սլոլսեցի եք, հարկավ իրար կը ճանչնաք քիչ մը, այնպես չէ՞։

Այս հարցումին, Աննիկ աղեկ մը իմ կողմս դարձավ, անանկ մը որ պատուհանեն եկող լույսը զիս ողողե. աչքերը պզտիկցուց քիչ մը, ավելի մեծ ջանք մը ընելով իր հիշողությունը ամփոփելու համար, արագ և ուշադիր նայվածքով մը ոտքես գլուխս քննեց զիս. ես ալ կը հետևեի հիմա իր նայվածքին բոլոր ճիգերուն, անկեղծ, բայց բոլորովին անկեղծ ջանք մը կ՚ըներ այդ նայվածքը զիս հիշելու համար ու չէր հաջողեր, այնքան որ ես իսկ հավտալ կը սկսեի զինքը բնավ տեսած չըլլալուս, վասն զի աննենգ ու անխարդախ բան մը կար այս աշխատության մեջ որով իր բոլոր կամքը կը գներ զիս ճանչնալու համար, այն անկեղծ ու անխարդախ բանը զոր միշտ գտած էի ես այդ աչքերուն մեջ. և վերջապես, եզրակացության մը հանգելով, բայց կ՚երևա չկրնալով բոլորովին հաստատ ու ապահով ըլլալ ըսածին, Աննիկ պատասխանեց բարեկամիս.

— Կարծեմ թե տեղ մը տեսած ըլլալու եմ էֆենտին:

<1898>