Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/205

Այս էջը սրբագրված է

երկու անչափահասությանները, մեկը՝ տարիքի անբավականութենեն առաջ եկած՝ Հակոբիկինը, մյուսը՝ տարիքին սահմանազանցութենեն բխած՝ իր հավինը, զիրար գտեր ու հասկցեր էին միշտ: Իրենց Պեշիքթաշի տանը մեջ՝ քսան սենյակով, ընդարձակ պարտեզով տուն մը՝ մերինին դրացի, միս մինակ երկուքն էին: Հոն ամեն բան իրմե կախում աներ միայն, իր մանկական դատաստանեն: Եթե իրավ է որ զբոսանքը շռայլվելով կը դադրի զբոսանք ըլլալե, Հակոբիկ իր տղայության ատենեն ճանչցավ Ձանձրույթը, հագուրդե եկող Ձանձրույթ, աշխարհիկ հաջողությունները արհամարհելու մերձավոր: Իր տարիքին հատուկ խաղերը շատոնց վայելած ու մեկդի նետած էր կոտրած խաղալիկներու պես, երբ մենք ամեն մեկս ատոնը մեջ գերագույն երջանկությունը կը տեսնեինք:

Հակոբիկ անոր համար միայն վարժարան եկավ, որովհետև սովորություն մըն էր ասիկա և որովհետև տունը մինակ մնալով սիրտը պիտի նեղանար:

Աչքիս առջևն է իր նիհար բայց աղվորիկ դեմքը լուսնկայի կլորությունով ու բերնին, թուշին, ճակտին գրեթե կնոջական գիծերը, այնքա՜ն նուրբ, ա՜յնքան փափուկ: Խարտյաշ մազերը միշտ սանտրած ու երկուքի բաժնված գլխուն վրա: Հիվանդագին շնորհ մը վրան սփռված որ պահպանության կոչում մըն էր կարծես։ Տասնրչորս տարու էր այդ միջոցին։ Անհնարին ծուլությունով ծույլ մը սակայն իր դասերուն մեջ։ Բացի գծագրութենեն, որուն մեջ նորեն զարտուղի կերպով՝ բայց իրական ձիրքով օժտված էր, հետինն էր ամեն ուսումներու մեջ։ Ծաղրանկարի վարպետ մը միայն. տնտեսեն սկսելով մինչև տնօրենը իրենց պատկերները ապահով էին գտնելու պատերուն վրա՝ մատիտով, երբեմն ալ ածուխի մը ծայրով գծված։ Հարուստի զավակ ըլլալուն՝ իր հանցանքները, քրեական մեզ ամենուս համար, ներողամիտ խրատներե ուրիշ հետևություն մը ունեցած չէին։

Իր վտիտ կազմին հակառակ՝ ճապուկ ու ճկուն տղա մըն էր, պարագլուխը մեր ամեն անկարգությանց ու մեր տղայական ըմբոստություններուն։ Ինչպե՞ս կ՚ուզեք որ ասանկ տղա մը չսիրվեր մենե։ Օրերով բացակա կը մնար դպրոցեն, այդ