Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/206

Այս էջը սրբագրված է

միջոցին նոր զբոսանքի մը, երբեմն նոր մարզանքի մը հետամուտ էր և որուն մեջ իսկույն գերազանց կը հանդիսանար: Մասնավորապես կը հիշեմ կիրակի օր մը երբ Օխքամուրի կողմը հանդիպեցա իրեն, ձի հեծեր էր, ամեհի նժույգ մը զոր պչրող ամազոնի մը պես խաղցնելով կը վարեր: Աղջիկները խենթ ըլլալու էին իրեն համար. այդ օրը նախանձեցա իր վրան։ Ատեն մըն ալ որսորդության սեր տվավ. իր հագուստը կապուստը, զեն ու զարդը, պատմած պատմությունները ամենուս բերնին ջուրերը վազցուցին։

Այս լիաբուռն վայելքը կյանքին, որ շնորհված էր իրեն մեր ցավատանջ դպրոցականության ճիշտ դեմը, դառնություն մը չդրավ երբեք մեր ներսը, այնքա՜ն կը վայլեր իրեն անիկա, այնքա՜ն շնորհալի կ՚ըլլար ատով:

Կը հավատամ որ շատ մը բաներու մեջ վայ լեցնելը՝ մեծ ու գուցե ճշմարիտ Արդարացումն է։

Վարժարանի կյանքեն վերջը կորսնցուցի զինքը. ես նոր ուսանողության շրջանի մը մեջ նետվեցա. անիկա բուն կյանքին մեջ թևակոխեց իսկույն։

Պատանութենեն իր մուտքը երիտասարդության մեջ՝ շքեղ եղավ։ Ծերունի հայրը մեռեր էր մեծ հարստություն մը ձգելով իրեն, պատրաստ դրամե, կարգ մը կալվածներն ու շատ մըն ալ առնելիքներն բաղկացած: Ուրիշ մը իր տեղը՝ այս Ժառանգությունը հաշվելու, ժողվելու, կարգի բերելու պիտի նայեր: Ասանկ հիմարություն մը չանցուց մտքեն բնավ։ Ունեցածը ծայրեն սկսավ վատնել, նախ պատրաստ դրամը, հետո կալվածները մի առ մի ծախելով. առնելիքները ձգեց պարտականներուն ու չփնտրեց զանոնք, նույն իսկ երբոր աղքատացավ։ Պեշիքթաշ իր մեծ հոր տունը բնակեցավ միշտ, նախապաշարում ըսե կամ հարգանք անոր հիշատակին: Գիշեր չեղավ որ Փերա չերթար, հաճույքի, զբոսանքի արվարձանը, նոր տարփուհիներու ետևեն: Բայց իր փճացումին ու զեխությանցը մեջ անգամ միշտ ուրույնություն մը ուներ, վես ու տոհմիկ բան մը, ինչ որ, եթե ուշադրություն ըրած եք երբեք, մեր գավառացիներու զավակներուն մեջեն՝ Ակնեն եկող սերունդին վրա միայն կը նշմարվի։