Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/209

Այս էջը սրբագրված է

որուն մեջ նոր փեսան իր անառակ տղու անցյալին դեմ լուռ կշտամբանք մը կը կարդար:

Իսկ կիրակի օրերը եկեղեցի պիտի երթային անխափան: Լակորիկ ընդդիմություն չըրավ այս ամենուն, այնքան նոր, այնքան անհնարին, այնքան անիմաստ էր իրեն այս ամենը: Իր կինը, զուրկ ամեն պչրանքե, կարծես քրիստոնեական պարտականություն մը կատարեք ու համար կը մոտենար իրեն ու պարզապես զզվանք կ՚ազդեր անոր: Իրենց հարաբերությունները անհրաժեշտեն անդին չանցան։

Ամեն անհատականություն կորսնցուցած՝ Հակոբիկ ինքզինքը վերստին գտնելու ջանք մը չըրավ, գիշեր մը մինակ դուրս ելլել մտքեն անգամ չանցուց։

Աշխարհի առջև սակայն՝ Հակոբիկ նոր բախտի մը տիրացած էր Պետրոսյաններուն փեսա ըլլալովը. բարևները սկսեր էին նորեն տրվիլ։ Աները ըրավ չըրավ գործի դրավ զինքը իր կնոջ ազգականներեն մեկուն քով, որուն կալվածներուն հասույթը պիտի հավաքեր ու վարձու պայմանագիրները պիտի նորոգեր. բավական ատեն կանոնավոր ու գոհացուցիչ կերպով վարեց իր նոր փեսի ու գործակատարի դերը։

Եկեղեցի հաճախելը տեսնելով՝ քանի մը հոգի առաջարկեցին Հակոբիկը թաղական ընել։

Խելքը գլուխը եկավ, կ՚ըսեին շատերը։ Հանգստոլթյունը ու երջանկությունը հիմա գտավ, ըսին ամեն տեղ: Աներհորը հարստությանը ուշ կամ կանուխ իրն էր և իրազեկ անձեր տասը հազար ոսկիի մոտ կը հաշվեին այդ հարստությոլնը։ Նախանձողներ ունեցավ։

Թաքսիմ, պարտեզին մոտ բռնեցի զինքը։

— Ի՞նչ ըրիր, Հակոբիկ։

— Ինչ որ ըսեր էի քեզի արդեն, մեռա։

— Ի՛նչ կատակասեր մարդ ես։

Տրտում ժպիտ մը գծագրվեցավ ու անհետացավ իսկույն երեսին վրա։

— Ճաշի ատեն է, պատասխանեց ինծի, պետք է որ տունը ըլլամ։

Հեռացավ փութկոտ քայլերով, առանց զիս ողջունելու: