Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/21

Այս էջը սրբագրված է

հայացքները, Բ. Քեչյանի պահպանողական գաղափարները, Հ. Գուրգենի, Գ. Սևյանի և ուրիշների գրաբարամոլությունը, աշխարհաբար լեզվի զարգացման անհրաժեշտությունը չըմբռնելը, քննադատում է հոռետես գաղափարների մուտքը գրականության մեջ(«Եղիա Տեմիրճիպաշյան»), գրականության նոր պահանջները չհասկանալը և մեկուսանալը իրականությունից («Խ. Միսաքյան»), հայերեն «գեղեցիկ լեզուն ճաշակե զուրկ տարազով մը հագվեցնելը» («Ն. Տաղավարյան»), տրորված ճամփաներով գնալը («Հ. Ասատուր») և այլն։

Նույնպիսի ուժով և սրտաբուխ ջերմությամբ նա գնահատում է մարդկանց արժանիքները, դրանք տեսնելով նաև իր քննադատած անձնավորությունների մեջ։ Զոհրապը գնահատում է Ա. Արփիարյանի, այդ «ժողովրդական զավկի» դերը այն բանի համար, որ նա մոտեցրել է «գրականությունը ժողովրդին», որ գլխավորել, քաջալերել է 80-ական թվականներին «երիտասարդ գրողներու շարքը», Բ. Թերզյանին, այդ հայրենասեր և հմուտ ուսուցչին, որը, դեռևս 70-ական թվականներին՝ Պոլսի հայկական դպրոցում մտցրեց գրականության, իբրև ուրույն առարկայի դասավանդումը, գնահատում է Հ.Ասատուրի դերը աշխարհաբարի զարգացման մեջ, Ե. Տեմիրճիպաշյանի աշխարհաբարի հմուտ իմացությունը, որին անվանում է «աշխարհաբարի Նարեկացին», օրինակելի է համարում Գ. Սևյանի և նրա ժամանակակիցների «մեր գրականության համար» ցույց տված «հոգատարությունն ու սերը» և այլն։

Այդ դեմքերի որոշ մասը, ինչպես Հ. Պարոնյանի ջոջերը, անծանոթ են ընթերցողին, ժամանակի լայն երախը գրեթե կուլ է տվել նրանց անունները, բայց վրձինը, որով պատկերվել են այդ, մի ժամանակ ծանոթ դեմքերը, ապահովել է նրանց երկարակեցությունը՝ արվեստի մեջ։ Գրական դիմանկարը սովորաբար վերաբերում է․ քննադատության սեռին, սակայն Զոհրապը իր դիմանկարներին տվել է առավելապես գեղարվեստական բնույթ (այդ պատճառով էլ դրանք համարվել են Զոհրապի «ստեղծած սեռը»), դառնալով այդպիսի դրական դիմանկարի հիմնադիրը մեր գրականության մեջ, ինչպես երգիծական դիմանկարի հիմնադիրն է Հ. Պարոնյանը։ Զոհրապից հետո այս ժանրը լայնորեն տարածվեց արևմտահայ գրականության մեջ, շատերը հետևեցին վարպետին (Օ․ Չիֆթե-Սարաֆ, Ա. Հարությունյան, Ա. Անտոնյան, Սիպիլ, Հ. Ասատուր, Ալփիար, Թեոդիկ, Տ. Արփիարյան և ուրիշներ), նույնիսկ փոխառին նրա ընդհանուր խորագիրը՝ որոշ փոփոխությամբ, բայց ոչ մեկը դրանցից չհասավ վարպետի արվեստի բարձրությանը։

Զոհրապի սիրած ժանրերից մեկն էր ակնարկը, նա գրել է հուշագրական (մեմուարային), երգիծական, խոհական, ճամփորդական և հրապարակախոսական ակնարկներ։