Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/210

Այս էջը սրբագրված է

Ե.

Ու մեռավ իրոք, չափավոր հիվանդութենե մը վերջը, ոչ շատ երկար՝ ոչ շատ կարճ, կարգով կանոնով, ինչպես որ պատվավոր մարդ մը պետք է մեռնի։ Ոչ հանկարծակի, ոչ դիպվածական մահով, որոնք զղջումի ատեն չեն ձգեր ու գերագույն պատրաստությանը չեն հարմարիր, այլ երեք ամիս անկողնին ծառայելեն վերջը ու ս. եկեղեցու խորհուրդները առնելե զկնի, ինչպես մահազդը ծանույց:

Բժիշկները, որոնք զինքը դարմանելու եկան, ճշտիվ չկրցան ճանչնալ հիվանդությունը որ զինքը սպառեց. նվաղում մըն էր տակավ, անխոսիկ, առանը ցավի, որ այս շենքով ու շնորհ քով լեցուն տանը մեջ միակ ներելին էր արդես:

Անոր մեռնելովը ոչ ոք ցավ մը զգաց, թեև միշտ միևնույն մահազդը մեզի իմացուց թե այս կորուստը ի խոր սուգ համակեց տնեցիները։

Իր այրին տարի մը սևեր հագավ, առջի երեք ամիսը թանձր քողք մը դրած երեսն ի վար, որ մինչև ոտքը կը հասներ, հետո քողքը կռնակին վրա իջավ ու քիչ քիչ վեր ցավ բոլորովին. ընդունված սովորությունները ամենքն ալ հարգվեցան ու պահպանվեցան։ Նույն իսկ քառսունքին, Հակոբիկին հոգուն պատարագ մը ընել տվին։

Այսպես գլխիվայր բան մը եղավ այս տղուն ճակատագիրը։ Ճիշտ անկե մեռավ ուրկե շատ մը մարդիկ այնքան հանգիստ կ՚ապրին աչվընուս առջև։ Ցավը որ զինքը տարավ, բորոտությունն էր՝ տարածված այնքան մեր մեջ և որուն իր առողջ նկարագիրը չտոկաց։ Այդ հիվանդությունը կը կոչվի՝ պայմանադրական կեղծիքը ընկերության։

<1904>