Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/212

Այս էջը սրբագրված է

ետևեն էրթալու պես նայիլներե կազմված անցյալ, որ, պահված տեղե մը դուրս ելլելու պես, հանկարծ կ՚ելլեր ահա, մտքիս առջև, իր տարտամ ու վարանոտ գիծերը կը թոթափեր վար, այս կնոջ համար որոշ ու մեկին զմայլանք մը ըլլալը բացե ի բաց խոստովանելու համար։

Ժողվելով, հավաքելով այդ մանր մունր տպավորությունները, բերելով քով քովի՝ սիրելի դատ մը ապացուցանելու համար զորավոր փաստի զանգված մը շինելու պես, պայծառ կերպով կը տեսնեի ինքզինքս հեռվեն, միշտ հեռվեն, քանի որ ներկայացած չէի այս կնոջ և հետը խոսած չէի բնավ, երկրպագումի մը պես դիրքի մը մեջ, մունջ հիացումով համակված, ամեն հեղ երբ Կղզի գացող շոգենավին վրա կամ Փերա մեծ փողոցին մեջ և կամ խանութե մը բան մը գնած պահուն կը տեսնեի զինքը։

Միշտ արտորացող բան մը ուներ վրան որ հիմա, իր վաղահաս մահվան առջև կեցած պահուս, ահեղ խորհրդանշանը կ՚երևա ինծի՝ արտորանքով կարճըցած երիտասարդությանը:

Կապույտը կը սիրեր ան. ոտքեն մինչև գլուխը կապույտներու մեջ պլլված, համակ կապուտագեղ կին, որ իր աճապարող փութացումին մեջ՝ «շուտ երեսս նայեցեք, վայելեցեք զիս, վասն զի վայրկյան մը վերջը ալ չկամ» ըսելու պես բան մը ունենալ կը թվեր, երբոր կ՚անցներ քովեդ։

Նրբահասակ ու նրբամարմին էր. թափանցիկ կաթնաթույր մորթով ու եղջերուի մեծ մեծ բացված աչքերով որուն մեջ ճերմակը կ՚աղոտնար, կը հատներ, այնքա՜ն կ՚իշխեր մեջտեղի սևին ցոլացումը ու կը վարագուրվեր երկար բիբերուն ձգած ստվերովը։

Խոսուն աչքեր, ժպտուն աչքեր, անմեղ ու մեղավոր աչքեր որոնք տիեզերքին երանությունը իրենց ծոցին մեջ կը պահեն:

Բ.

Քովես, ինծի պես այս մահազդին առջև կեցողները կը խոսակցեին, իրենց գաղափարները կը փոխանակեին մեռնողին վրա, հիմա որ ոևէ նկատում ու ակնկալություն չէր մնացած,