Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/218

Այս էջը սրբագրված է

Ե.

Ես երջանիկ էի, մունջ ու անխառն երջանկությամբ մը։

Սերաֆիթան, իր աշխարհային կապերը պակասություն, ները թոթափած վրայեն, երադաշեն ու միանգամայն իրական կին մըն էր ինծի համար։ Անոր մահը՝ հալոցն էր, մերկացնող, զատող, հարազատող այս ոսկին՝ խառնուրդեն, ազնվական մետաղը պահելով միայն։ Միայն բան մը չէր կրցած հեռացնել անկե, պչրանքը. թերևս անոր համար որ առանց անոր՝ Սերաֆիթան կին մը ըլլալե պիտի դադրեր հրեշտակ մը դառնալու համար։

Գլուխ գլխի կ՚ապրեի անոր հետ. հիմա ինե զատ ոչ ոք ուներ անիկա, պզտիկ նախանձ մը սակայն, երբ իր վռթկած աղջկան ձևերը կը տեսնեի իր քալվածքին, իր ժպտելուն, իր գլուխը ծռելուն մեջ։

Հայրը ամեն օր մեյ մեկ պատմություն ուներ անոր վրա պատմելիք ինծի, ես՝ տպավորություններ միայն և հեռվեն նշմարված բաներ որոնք մոտը ապրող մարդուն համար նորություններ են միշտ։

Մանրամասն գիտեի ա՛լ իմ սիրած կնոջս մանկությունը ու երիտասարդությունը։ Այս խոսակցություններուն մեջ անոր ամուսնության դժբախտ պատմությունը կու գար երբեմն, բաԺանումը, ամուսնալուծման դատը, որուն մեջ էրկանր փաստաբանները այս կնոջ թեթև մեկ շարժումը՝ քրեական հանցանքի մը պես ցուցնելու հաջողեր էին. վերջապես գայթակղությունը որ ծամոցը եղած էր ամենուն բերնին։

Հայրը տաք ու պաղ տեսած ու երիտասարդությանը մեջ շատ մը հոգեկան տագնապներ անցուցած մարդ՝ կանուխեն հանգած էր ներողամիտ վարդապետության մը որուն մեջ աղջիկը արդարացնելու դիտումը չուներ:

— Ես ալ, ըսավ օր մը ինծի, շատ տառապեցա սկիզբը իմ կնոջս երեսեն. ճիշտ Սերաֆիթան էր ան. անոր գեղեցկությամբը, անոր ուրույնությամբը ու անոր զարտուղությամբը: Քսանըհինգ տարու էի երբոր սիրեցինք իրար, իր ընտանիքը մեր ամուսնության ընդդիմանալուն համար՝ առևանգեցի զայն