Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/219

Այս էջը սրբագրված է

ու ամուսնացանք հեռու տեղ մը, գյուղի մը մեջ: Երբոր գործերս հաջող կերպարանք մը առին, ամեն ոք զիս ծափահարեց. աներս և զոքանչս հոգի տալ սկսան վրաս, աշխարհքը, այն անիրավ ու ապուշ աշխարհքը, որ հաջողողներուն դարպաս կ՚ընե միայն, իմ շուրջս բոլորվեցավ:

«Փերայի մեջ մեր երեկույթները ամենեն փնտրվածներեն էին, ու կինս՝ կիներու ամենեն շնորհալին։ Բայց իր գեղեցկությանը չափ անհաստատ ու թեթև էակն էր զոր գովեստների ու ականջն ի վար փսփսացված սիրո խոսքերը կը հաջողեին ատեն ատեն գինովցնել։ Սկիզբները շատ տառապեցա ու կը խոստովանիմ որ դժնդակ բան մը եղավ ինծի այն եզրակացությունը որուն հասա և որ հիմա կը ճանչնամ թե ամենեն ուղիղն է։

«Ամեն չքնաղ առարկայի բախտն է ձեռքե ձեռք խլվիլ գիտակցությունը չէ որ կը մղե զայն, այլ իրմե անկախ բան մը՝ ճակատագիրը, զինքը պատասխանատու բռնելուն մեջ արդարություն չի կրնար ըլլալ։

«Աստղ մը իր շավիղը պիտի գծե, թիթեռնիկը պիտի ոստոստե, գետը պիտի վազե երթա ու աղվոր կնիկը պիտի ժպտի ասոր անոր. կը կարծեմ որ տխուր բան մը պիտի ըլլա եթե խոժոռած ճակատ ու սրդողած աչքեր դնենք գեղեցիկ կնկան մը երեսին վրա։ Կան որ փողոցին մեջ կ՚անցնին միշտ խոժոռած ու ռետին նայելով և, դիպվածով, եթե երեսդ ալ նային, զայրացած կերպարանք մը կ՚առնեն, չեմ ախորժիր ատոնցմե, լկրտած խնդուք մը՝ ամենեն պարկեշտ բայց կախ երեսեն նախամեծար կը սեպեմ ես։

«Իմ կինս, պչրասեր քիչ մը, միշտ իմս մնաց, անոր համար որ չունեցա իր թեթևություններուն դեմ այդ ծանր ոհ դաժան վարմունքը որ ամենեն ջերմ սերերը կը պաղեցնե: Չորս տարի առաջ կորսնցուցի զինքը»:

Հետո՝ աղջիկը միտքը իյնալուն՝ հառաչեց քիչ մըա:

— Սերաֆիթաս ճիշտ իր մայրն էր. բայց էրիկը իմ ներողամտությունս չուներ, խիստ ու անգութ եղավ իր կնոջը դեմ, կ՚երևա թե ասով պատվավոր մարդ հռչակվեցավ աշխարհի առջև:

13 Գրիգոր Զոհրապ