Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/220

Այս էջը սրբագրված է

— Ես, պատասխանեցի իրեն, պատիվը շատ ավելի բարձր, շատ ավելի մեծ րաներու մեջ պահված կը նկատեմ, կնոջ մը՝ էրկանը հանդեպ հավատարիմ ըլլալը կամ ոչ՝ ճեմ նկատեր իբրև իրական պատվո խնդիր մը, այլ այն եսական պահանջումներեն մեկը որոնք առնական բնազդի ու կիրքի մը գոհացում կու տան։ Սեփականության խնդիրն է աս որ անշունչ նյութերեն անցնելով՝ մինչև կնոջ վրա կը ծանրանա։

«Ես պատիվը մարդոց իրարու օգտակարության մեջ կը տեսնեմ միայն, այն մարդը որ իր նմաններուն ամենեն ավելի օգտակարն է՝ ամենեն պատվավոր մարդն է ինծի համար»։

Հիմա, ամբողջ օրեր միասին կ՚անցընեինք խոսելով Սերաֆիթային վրա, և այնպես մը որ իբրև թե դեռ ողջ եղած ըլլար անիկա. այս կամովին պատիր ու շինծու բանը հաճելի էր մեզի։ Բայց ծերունին երթալով կը տկարանար ու գոհ էր այդպես հատնելուն համար։ Ձմեռը չկրցավ տունեն ելլել. ամեն առթիվ բան մը կը գտներ իր աղջիկը հիշելու համար:

— Թե որ ճանչցած ըլլայիր զայն՝ պիտի սիրեիր զինքը, ըսավ ինծի օր մը։

— Արդեն կը սիրեմ զինքը:

— Գիտեմ:

Առաջին անգամն էր որ երեսիս կ՚ըսեր այս խոսքը, թեև շատոնց հասկցած ըլլալու էր իմ սերս։

Ապրիլ ամսվան մեջ իր վիճակը ծանրացավ բոլորովին, բժիշկը ըսավ ինծի որ հազիվ քանի մը ժամվան կյանքը մնացած էր:

Խելքը գլուխն էր մինչև վերջը ու հոգեվարքի մեջ էր արդեն երբոր նշան ըրավ ինծի որպեսզի ավելի մոտենամ իրեն, երբոր քովը գացի. իրեն քաշեց զիս ու ճակատս համբուրելով մրմնջեց հազիվ հազ լսելի ձայնով մը որ իր վերջին բառը ու վերջին օրհնենքը եղավ.

— Փեսա՜ս...

<1991>