Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/223

Այս էջը սրբագրված է

հավաքեին լվացարար Մարիամեն որ ամեն տուն մտնել ելնելուն համար՝ ամեն բանի տեղյակ էր։

— Գիտե՞ս, Նիկողոս աղա, Պոյաճյաններուն աղջիկը կը կարգվի կոր։

Միշտ ամուսնության լուրով մը կը սկսեր շարքը, զոր Նեկտար հանըմ իրեն տունը մնալու անիրավությունը շեշտելու նպատակով առաջ կը նետեր։

Հետո, տղուն և աղջկան տարիքին խնդիրը կուգար, ու հոս՝ վեճը կը դառնանար։

— Ես սանկ աղջիկ մըն էի, կ՚ըսեր Նեկտար՝ ձեռքը տախտակամածեն թիզ մը վեր բռնելով, անիկա ալ ինծի մոտ բան մըն էր։

Նիկողոս աղան չէր կրնար համբերել ասոր.

— Խե՞նթ ես ի՞նչ ես, Նեկտար հանըմ, ան պզտիկ աղջիկ՝ մըն է, քսան տարու կա չկա։

Ու պառված աղջիկը կը զայրանար, Բեմպե հանըմը վկայության կը կանչեր։

Խոսակցությունը կը կենար հոս, հետո կը վերսկսեր:

— Նշանիկ աղային կնիկն ալ իր սիրողեն զատվեր է, տանը ծախքին մեծ մասը, կնկան լաթերը մարդուն ստակովն է եղեր։

Ու գոհունակության հառաչանքով կ՚ավելցներ.

— Հիմա ամեն բան հասցվեցավ, ես այդ կնկան հագվելուն խելք չէի հասցներ կոր։

Նեկտար հանըմը այսպես ամբողջ գեղին շրջանը կ՚ըներ դուռ դուռ պտտցնելով իր քինախնդիր հոգիին ատելությունները, մեկու մը չխնայելով։

Ամեն գիշեր մինչև չորսը կը տևեր ասիկա ու հետո ամեն ոք իր սենյակը կ՚առանձնանար։

Բ.

Նիկողոս աղան Փերա չէր երթար. բայց շաբաթը գիշեր բացակա կը մնար տունեն։ Այսպես էր տարիներե ի վեր: Նիկողոս աղային բոլոր պատմությունն էր ասիկա: