Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/225

Այս էջը սրբագրված է

փճացուց. էսնաֆները միշտ վարժված են խոնարհելու իրենցմե հարուստներուն առջև ու ամբարտավան ըլլալ՝ իրենցմե նվազ ունևորներուն դեմ. Գևորգ աղան հիմա, գուշակելով կարծես Նիկողոսին սերը, դեմը ելլողին կ՚ըսեր.

— Ես զավկըներուս՝ զուրցված կնկան աղջիկ չեմ առներ:

Նիկողոս այս կտրուկ ու զարհուրելի վճռին առջև ընկճված մնար, բայց շատ ուշ էր արդեն. երիտասարդը մեռնիլը ավելի դյուրին գտավ բան թե հորը կամքին դիմադրելը. հիվանդացավ. քիչ մը վերջը իրենց դրացիներն ալ հեռու փողոց մը՝ Փուշ Տիլիի կողմերը գացին: Ատեն անցավ վրայեն, բայց երիտասարդը աղեկնալուն պես վազերց Սոֆիկին քով նորեն։ Հիմա գաղտնի, գիշեր ատեն, պարտեզին դրան քով իրար կը գտնեին: Հետո՝ տեսնելով որ Սոֆիկի մայրը նեղության մեջ էր՝ Նիկողոս հոժարությամբ ձեռնտու եղավ, անոր ապրուստին օգնեց: Ալ դռան առջև չէր սլքտկար, տուներնին կ՚երթար հորմեն գաղտնի միշտ, անոնց բոլոր հոգերը կը ստանձներ անձնվիրությամբը ինքզինքը ա՛լ ավելի կը սիրցներ։ Երկու տարի տևեց ասիկա, օր մըն ալ Սոֆիկին մայրը անկողին ինկավ մեյ մըն ալ չելլելու համար. սաստիկ թոքատապ մը ութ օրվան մեջ գերեզման տարավ զինքը։ Նիկողոս ամեն օր միջոց գտավ հիվանդին տունը երթալու, խնամելու զինքը, բանի, մը կարոտը չզգացնելով անոր։

Հոգեվարքի մեջն էր՝ երբոր հիվանդը իր զավակներուն մտածեց։

— Ես կեցեր եմ, ըսավ Նիկողոս:

Այս սփոփանքով մեռավ հիվանդը:

Գ.

Ամուսնության մը պես ու ամուսնութենե ավելի բան մը եղավ ասիկա երիտասարդին համար, իր գաղտնի սիրույն ւո խոստումին տերը մնաց. Սոֆիկեն զատ ուրիշ, կին չճանչցավ աշխարհի վրա. ուխտ մը ասկե ավելի սրնությամբ չպիտի պահվեր: