Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/226

Այս էջը սրբագրված է

Ասանկով՝ իր դատողության անձուկ շրջանակին մեջ կը նաշտեցներ իր սերը՝ հորը դեմ ունեցած հնազանդության հարգին հետ. հայրը իր ամուսնությունը չէր ուզեր այս աղջկան հետ. ինք ալ չէր ամուսնացած ահավասիկ, բայց կրնար հարկավ, հիմա որ կատարյալ երիտասարդ՝ գրեթե չափահաս մարդ կին մը սիրել, և այս իրավունքով Սոֆիկեն չզատվեցավ։

Իր վաստակեն մաս մը, այնչափ միայն որ հորը մանրազնին հաշիվներեն ճարտարությամբ կը փախցներ, անոր և քրոջը ապրուստին հատկացուցած էր։ Հետո ուրիշ նախապաշարում մըն ալ կապեր էր զինքը այս կնոջ, իր գործը, առուտուրը օր օրի ավելի հաջող, ավելի շահավոր դարձեր էին, մինչդեռ իր արհեստակիցներեն շատեր հետզհետե կ՚աղքատանային, կը փճանային։ Մեռնող կնոջ հանդեպ ստանձնած հանձնառության դեմ՝ նախախնամության կողմե եկած փոխարինություն մը կը նկատեր այս բախտավորությունը։

Օր մը միայն, և այդ օրը շարունակ կը հիշեր, Սոֆիկ իր ծոցվոր ըլլալը իմացուց իրեն, զավկի մը մերձավոր ծնունդը տեսակ մը հրապարակային հանգամանք կու տար իր այնքան խնամով գաղտնի պահած սիրույն։ Այն ատեն իր շվարումին մեջ այդ զավակը չքացնելու համար դեղ ու դարման փնտրեց, բայց բնությունը անոր բոլոր հնարքները ի դերև հանեց, ու երբոր օրին մեկը զավակը ծնավ, ուրախացավ իր հնարքներուն ապարդյուն մնալուն։ Բայց այս ուրախությունն ալ խիստ վաղանցուկ բան մը եղավ, իր կյանքը հետզհետե նոր շփոթություններով, նոր դառնություններով կը լեցվեր։ Երեխային կնունքը մեծ գործ մը եղավ, ո՞ւրկե կնքահայր գտնել, որո՞ւն խոստովանիլ իր գաղտնիքը, վերջապես մկրտությունը եղավ և իրիկունը անոր մայրը ըսավ իրեն թե իրենց փոքրիկ Արամը արձանագրվեցավ ժամուն տոմարներուն մեջ իբրև «եկեղեցվո զավակ»։

Երբոր իր հայրը, Գևորգ աղան, օր մը հանկարծ մեռավ որտի կաթվածն, Նիկողոս աղան արդեն մեկզմեկե աղվոր երկու զավկի հայր էր ինքն ալ:

Որքան ալ գաղտնի պահած կարծեր իր կենակցությունը, շատերը իմացեր էին ասիկա: Այն վրան գլուխը շնորհքով