Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/227

Այս էջը սրբագրված է

մարդը որ ատեն մը ցերեկները միայն և վերջն ալ շաբաթը գիշեր մը Սկյուտար կու գար Սոֆիկ հանըմին տունը, նախ ազգական մը կարծվեր էր դրացիներեն. բայց այս ենթադրությունը շուտով մեկդի եղած էր։ Քանի մը ընտանիքներ Սոֆիկ հանըմին երթալ զայր դադրեցուցեր էին՝ չզիջանելով պահծու կնկան մը հետ տեսնվիր Անիկա սակայն իր զավակները խնամելու, մեծցնելու ետևեն էր միայն, իր չքացած կյանքին վրա ափսոսալով չէր դառնացած սիրտը, շատեր իր գեղեցիկ կնոջ հրապույրներուն հետամուտ եղած էին առանց հաջողելու. հարկավ կը փափագեր որ այդ մարդուն հետ, որ վերջապես իր ճշմարիտ էրիկն էր աստուծո առջև, եկեղեցվո պսակովն ալ ամուսնանար, գոնե իր զավակներուն առջև ամոթահար չմնալու համար, գոնե անոնց անուն մը ձգելու համար։ Բայց Նիկողոս աղան միշտ խուսափեր էր ասկե։ Դպրոցին մեջ իր տղաքը՝ Արամը ու Գևորգը՝ մորերնուն մականունովը հիշվեր էին։ Երբոր խելամուտ ըլլալ սկսան անոնք, ուրիշ հոգ մը իր մայրական մտմտուքներուն վրա ավելցավ, պետք էր իր տղոցը առջև անուն մը տալ այն մարդուն որ շաբաթը մեյ մը իրենց տունը կու գար։ Նիկողոս աղան մորեղբայր մը եղավ ուրեմն, և քիչ մը ատենի համար այս հնարքը հաջողեցավ։ Հետո, ուրիշ կսկիծներ եկան, օրին մեկը Արամ դպրոցեն լալով տուն դարձավ. կռիվի մը միջոցին տղաքը փիճ փիճ պոռացեր էին իր երեսին ու հալածեր էին զինքը. վարժապետն ալ՝ փոխանակ պաշտպանելու՝ վռնտեր էր զինքը։ Անկե վերջը այդ նախատինքը տեսակ մը սովորական մակդիր եղած էր Արամին, այնքան որ ստիպվեր էին զայն դպրոցեն հանել։

Դ.

Հորը մեռնելուն՝ Նիկողոս աղան քառասունը անցուկ էր արդեն, դպրոցական տղու մը հնազանդ ու կրավորական դերին մեջ փճացած։ Մայրերն ու հայրերը «շնորհքով», «խոսք մտիկ ընող» զավկի օրինակ ցույց կու տային այս աղեբեկ մազերով մարդը, միշտ սև կամ մութ գույն զգեստներ հագած, ամառ