Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/228

Այս էջը սրբագրված է

ձմեռ չհանելով կռնակեն փառտըսյուն զոր իր տարիքեն եղող մարդու մը համար անհրաժեշտ կը կարծեր: Օձիքը վար դարձած ճերմակ շապիկին սև քրավաթը երբեք չէր փոխվեր։ Իր առուտուր ըրած խանութեն դիտեին անոր հաստատատիպ ճաշակը ու ներս մտնելուն, սովորաբար ծնունդեն կամ զատկեն քանի մը օր առաջ, առանց հարցնելու կը պատրաստեին իր ուզածը, հոս իր զգեստները, հոն վեց ձեռք շապիկ, երկու քրավաթ, ձմեռը երեք հատ լավ տեսակ բուրդե ֆանելա և վեց հատ գուլպա, ամառը բամբակե։ Նոր չաթ հագնող տպու մը պես կը հրճվեր այս ամենը գնելով, միակ ուրախությունը իր բովանդակ կյանքին որ անխափան կերպով տարին երկու անգամ կը կրկնվեր։

Գևորգ աղային մեռնելեն ի վեր, տանը մեջ անոր տեղը բռնելու կոչվելուն՝ նաի։ բոլորովին շվարեր մնացեր էր ու ապարդյուն ջանքեր ըրած էր իր հլու ու ծռած ողնաշարը շտկելու համար։

Միջոց մը կարգվելու գաղափարը մտքեն անցավ։ Սոֆիկ հանըմ այնքա՜ն շատցուցեր էր թախանձանքը որ Նիկողոս աղան պահ մը համոզվեցավ պսակվելու հետը։ Իր խոստովանահայրը մաքուր ու պարզասիրտ քահանա մը ան ալ խրատեց Նիկողոս աղան։ Բայց տունը խոսքը բանալուն՝ ամեն բան տակնուվրա եղավ:

Նեկտար հանըմ մեղմ ու հեզ ձայնով մը զգացուց որ հորը անեծքը պիտի հասներ անոր վրան, թե որ ատանկ բան մը ըներ. հետո, դեռ իր քույրերը չկարգած ինքը կարգվելու ելլելը չտեսնված բան մըն էր. մյուս եղբայրը կարգվեր էր ահա և գլխուն եկածը տեսեր էին. նորեն ինքը գիտեր. հարկավ կարգվելուն պես՝ գալիք հարսը պիտի վռնտեր զիրենք տունեն և երկու խեղճերը պիտի մուրային կամ Հիվանդանոց պիտի երթային, բայց տանը մեծն էր ինքը և անոր հրամանին հնազանդելու պարտավոր էին իրենք։

Նիկողոս աղան այս խոսքերուն դեմ պատասխանելու բան մը չկրցավ գտնել, հորը խոժոռ դեմքը պատկերացավ իր աչքին առջև, հայրը նստած սա դեմի անկյունը, ճիշտ դեմը, ու այս վերհուշումով չկրցավ խոստովանիլ ոչ իր հին սերը, ոչ