Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/229

Այս էջը սրբագրված է

իր զավակներուն գոյությունը: Ներսիդիեն իրավունք տվավ իր քրոջ ու՝ ամեն վարանամիտ մարդու պես՝ հարմարագույն ժամանակի մը թողուց այս անել վիճակին կարգադրությունը:

Նիկողոս աղային գործերը ալ ավելի աղեկցեր էին հիմա, Չարշըին մեջ խույումճիներուն էն հարուստներեն մեկն էր, Լոնճայի մեջ անդամ, իր գեղին Թաղական Խորհուրդին մեջ գանձապետ էր:

Իր եղբորորդին, չափահաս պատանի մը, իր առուտուրին մեջն էր: Որքա՞ն երջանիկ պիտի ըլլար թե որ իր բուն զավակները, հիմա երկու հրեշտակի պես տղաքներ, իր քովը ըլլային. բայց կը խորհեր որ բարոյականի դեմ պիտի ըլլար ասանկ բան մը ընելը։ Ու Նիկողոս աղան իր վարանումին մեջ մնաց։

Ե.

Հորը պես ինքն ալ օր մը հանկարծակի, սրտի կաթվածեն, ժառանգական ախտեն մեռավ:

Եկեղեցին ու ժողովուրդը տակն ու վրա եղան այս մարդուն հուղարկավորությունը ընելու համար։

Հուլիսի մեջ կիրակի ցերեկ մըն էր։ Ժամուն բոլոր ջահերը ու մոմերը վառեցին, վարդապետները ու տերտերները հրավիրվեցան ու եպիսկոպոս մը գտնվեցավ որ պատվավոր մարդու իբրև տիպար մեկը ներկայացուց ննջեցյալը։ Ապաքեն ժողովուրդին կարծիքն է որ պատիվը՝ ոչ այնքան կարգե ու կանոնն իրոք չշեղելու, քան թե շեղումները չցուցնելու, պարտկելու մեջն է:

Ոչ ոք աշխարհիս վրա Նիկողոս աղայեն ավելի կյանքին մեջ իր թերացումները պահած էր. ամբողջ ընտանիք մը քայքայեր, իր հարազատ զավակներուն ոչ միայն ապրելու նյութական միջոցները այլ անուն մը ձգելու չէր հոժարեր, ատոր համար ու իր հանցանքը ատ տղոց վրա ձգելով փախեր էր աշխարեն։ Ընկերական նախապաշարյալ կարծիքը ոչինչ կրնար ուղել իրմե ասկե ավելի։