Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/23

Այս էջը սրբագրված է

մեծ դերը, ասելով, որ Ֆրանսիայում բանվորական «կյանքին դժրախտությունները գիտնականապես» դեռ չքննված՝ «Քարլ Մարքս իր հոյակապ գործը․․․ «Դրամագլուխը» հրատարակած էր, այսօրվան տնտեսագիտության հիսերը դնելով»։

Երիտասարդ տարիներից սկսած Զոհրապը խիստ հակառակորդ էր միլիտարիզմի, առհասարակ ուժի քաղաքականության և այս ակնարկներում նա ամենայն հստակությամբ մերկացնոմ է աշխարհակալ պետությունների՝ հատկապես Գերմանիայի զենքի դիմելու քաղաքականությունը՝ պատերազմի հնարավորությունը համարելով «քսաներորդ դարուն մեծագույն եղեռնը»։ Զոհրապը անվերապահորեն հակվում է պատերազմի դեմ մաքառողների կողմը՝ գրելով. «...մինչդեռ դրամի մարդիկ անհագ չարաշահություններու համար արյուն թափելու հարկը կը զգացնեն, աշխատանքի մարդիկ եղբայրասպան մարտին մեջ կը նետվին, կարգիլեն»:

Զոհրապը գրականության մեջ եկավ նոր խոսք ասելու, նոր հոսանք ստեղծելու, մի դեր, որ նա կատարեց ո՛չ միայն իր գեղարվեստական երկերով, հատկապես իր նորավեպերով, այլև իր քննադատական և գեղագիտական հոդվածներով և Ծանոթ դեմքերով։

Գրական նոր ուղղության՝ ռեալիզմի արմատավորման համար անհրաժեշտ էր մաքրել ասպարեզը հնացած ուղղություններից և գրելակերպից: Եվ Զոհրապը ամենայն հետևողականությամբ, թե՛ իր գրականագիտական հոդվածներով, թե՛ գրական դիմանկարներով պայքար ծավալեց «անդրջրհեղեղյան» ոճի դեմ, գրականության բուն դերը չըմբռնողների և գաղափարազրկության դեմ, ինքնուրույն ուղի և ասելիք չունեցողների դեմ, այն ամենի դեմ, ինչը խանգարում էր ռեալիզմի վերջնական արմատավորմանը: Զոհրապը պահանջեց դառնալ դեպի ժողովուրդը, նրա կյանքից «քաղել» գրականության նյութը և նրա կյանքին ծառայեցնել գրականությունը։

Գրականության առարկայի և դերի այսպիսի ըմբռնումը, ժամանակի համար ամենաառաջադեմ ըմբռնումը, որին հավատարիմ մնաց Խղճմտանքի ձայների հեղինակը իր գրական ամբողջ գործունեության ընթացքում, վճռական նշանակություն ունեցավ ինչպես նրա ստեղծագործության, այնպես էլ գեղագիտական հայացքների համար իբրև ելակետային դրույթ։

«Գրականության իրավունքները» համարելով «քաղաքական պահանջումներում չափ տիրական», Զոհրապը ցանկանում էր, որ գրողը միջամուխ լինի կյանքին, ազդի նրա վրա, զբաղվի ժողովրդի սոցիալական դրությամբ, որովհետև գրականությունը, արվեստը առհասարակ, ինչպես և գիտությունը, նրա կարծիքով, նորոգում և վերաշինում են այս աշխարհը։

Զոհրապը այն մարդկանցից չէր, որոնք կանգ են առնում արդեն ձեռք քերածի վրա։ Քննադատական ռեալիզմը ժամանակի ամենաառաջավոր