Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/230

Այս էջը սրբագրված է

Հանրության առջև իր վայելած հարգանքեն բան մը պակսած չտեսնելու համար շարժած էր միշտ անիկա, իր բովանդակ կյանքին մեջ. իր կամքե զուրկ մարդու նկարագիրն ալ մնացածը ըրեր էր։

Կամաց կամաց կը տանեին դագաղը այս մարդուն որ իր հանցանքին բոլոր ահավորությամբը կարծես թե ծանրացած էր այս պահուս։

Հետո, մեռելակիր մարդիկ քոլոնեի ջուր սրսկել սկսան դագաղին վրա. անոր շատ մոտեն գացողները թաշկինակնին քիթերնուն տարին, դիակին նեխումը սկսած ըլլալու էր, վասն զի գարշելի հոտ մը, ամեն ջանքերու հակառակ, կը ծավալեր, դուրս կ՚ելլեր գոց սնտուկին չորս դիեն։

Ու այս ապականությունը, զոր կարելի չէր ըլլար ահավասիկ պարտկել, այս մարդուն վախճանին խորհրդանշանը կը թվեր ամեն եսասեր կյանքի վերջանալուն խորհրդանշանը, իսկույն ժայթքելով դուրս, գերեզմանի մը մինչև մուտքը հասնելուն իսկ չսպասելով։

Հիմա գարշահոտությունը կը սաստկանար, այս աղվոր կիրակի օրը աղտոտելով. ապահովապես ներքին արյունահոսություն մը պատահած ըլլալու էր. մեռելին տերերը ինչ ընելիքնին չէին գիտեր ալ. եկեղեցիին առաջին կարգի թավիշե ծածկոցը՝ իր արծաթափայլ լայն խաչովը փռված այս դիակին վրա՝ բոլոր համակրությունները որ այս մարդուն կ՚ուղղվեին. չէին հաջողեր այս թարախի ու շարավի կույտին պղծությունը նվազեցնել։

Ցերեկվան մաքուր ու պայծառ արևը վերեն կ՚իջներ ամենուն վրա, իր ճշմարտության հստակ լույսովը ողողելով այս պատիր մարդոց տղայական շարժումները, հեգնելով անոնց մութ ու շինծու խղճմտանքին կարգն ու սարքը։

Ընտրյալ բազմություն մը ետևեն կ՚երթար. ամենքը միաբերան անոր գովեստը կու տային, չարախոս մը որ անպակաս է ասանկ հավաքումներու մեջ, փսփսաց որ լուսահոգին երկու զավակ ուներ, երկու զավակ զորս չէր ճանչցած. ամենքը լսեցին ասիկա, բայց այդ բազմության աչքին՝ ճիշտ այդ զավակները