Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/232

Այս էջը սրբագրված է

քաջալերություն գտնել, հոն ժողվված արհեստավորներուն կը դառնար, վկա կոչելով զանոնք իր դատին արդարությանը, քրտնաթոր, լեզուն դուրս ինկած, գրեթե հեկեկալով։

— Ես Նիկողոս աղային հարազա՛տ, էոզ քուրն եմ. կը ճաչնաք խույումճի Նիկողոս աղան։

Բազմությունը կը մոտենար, հետաքրքիր կռիվ մը դիտելու, վեճի ունկնդրելու համար։

— Հորմես մնացած է այս բոլորը, կը պոռար անիկա, Գևորգ աղայեն. եկեր ախպորս սենյակը կը կնքեն, ի՞նչ իրավունքով. ես ու քուրս, մեյ մըն ալ եղբորս զավակը ժառանգորդ ենք. այս է օրենքը. հիմա ելեր սուտ զավակներ կը հնարեն կոր. աս ի՞նչ անպատվություն իմ ախպորս. լուսահոգին աղա մարդ էր, անանկ բան չէր ընդուներ։

Հետզհետե ծանրացող մթության մեջ՝ դեմքը չէր տեսնվեր, բայց ձայնը հեղձամղձուկ, խղղվող, անհետացող մոլորանքի մը պես, վերջին անգամ նոր ույժով մը լռության մեջ կը թնդար, կամարե կամար կը թռչտեր։

Հոն եկողներեն մեկը խոսքի խառնվեցավ.

— Ես աղեկ գիտեմ որ Նիկողոս աղան երկու գավակ ունի:

— Զավա՞կ մի ունի, փիճե՜ր չըսե՞ք սըվոնց, ո՞վ կը ճանչնաս ատոնք...

Հուզմունքեն՝ ձայնը կը դողար ու պաշտոնյաներու ձեռքեն կը բռներ կնքելու գործողության դիմադրելու համար։ Մեղմիվ, մարդիկը մեկդի կ՚ընեին զինքը, համոզելով որ իրենց պարտքը կը կատարեին ամեն բան կնիքի տակ դնելովնին, թե այդ գործողությունը մեկու մը իրավունքին վնաս չէր տար։

Բայց Նեկտար հանըմ կը համառեր, կ՚ընդվզեր՝ իր կամքը ոևէ կերպով քալեցնելու վարժությանը մեջ վիրավորված, ու իր գեր ու կարճ հասակովը պատվարի մը պես կենալով երկաթե դրան առջև, անոր մուտքը արգիլելու գերմարդկային ջանքով մը ու ցասմնակոծ ատելությունը դարձնելով անոնց որ այս դատր կ՚ընեին իրեն դեմ։

— Այո՛, փիճեր, պարզ փիճեր անոնք...

Հետո մարելիք մը եկավ վրան, երեսը կապուտցտվ, ծռմրտկվեցավ.