Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/234

Այս էջը սրբագրված է

ՄԱՄԱՅԻԴ ԲԱՐԵՎ ԸՐԵ


Ա.

Թարգմանչաց վարժարանին հիշատակներես ամենեն քաղցրը՝ պատուհան մըն էր, Թաշ Վերտիվենեն պատուհան մը:

Փողոցի դրան քովեն եղրևանի մը կը բարձրանար կը տարածվեր տանը երեսին, հինցած տախտակներուն գունաթափ ներկին վրա, հազար ու մեկ ճյուղերով որոնք հետզհետե հեռուն երթալով կը նրբանային, իրենց ելևէջներուն, գիրկնդխառնումներուն հետ պտտցնելով կանանչ տերևներու և կապույտ ծաղիկներու կոհակներ։

Մենք այդ ծաղկի ու տերևի, գարնան ու երջանկության շրջանակին մեջեն կը տեսնեինք միշտ իր հիանալի դեմքը, մազերը՝ ցիրուցան իր եղրևանիին պես, և սև սիրուն աչվները՝ որոնք կը ժպտեին մեզի՝ երբ իրիկվան արձակուրդին կ՚անցնեինք փողոցեն, դասի տետրակները թևերնուս տակ, ապագայի հիմար երազները գլխնուս և որ ավելին է սրտերնուս մեջ։

Կը ժպտեր մեզի, մեր դպրոցականի հետաքրքիր ու պահանջող ակնարկին փոխարեն, կը խնդար փողոցին այս պատանի